Հայաստանի եզակի պատմական հուշարձաններից մեկը` 12-րդ դարում կառուցված Քոբայրի վանքը անտերության է մատնված (Ֆոտոռեպորտաժ): Համենայն դեպս, այդպիսի տպավորություն ստացանք, երբ այցելեցինք այնտեղ: Դժվարամատչելի եւ բարձրադիր դարավանդների վրա գտնվող վանքում մենք միայն գտանք ավերակներ, աղբ, թափված քարեր, ինչ-որ փայտեր, որոնք նախանշում էին, որ այստեղ շինարարություն է իրականացվում կամ պետք է իրականացվի: Սակայն, այդ օրը ոչ մի շինարար այդպես էլ աչքներովս չընկավ: Քոբայրավանք այցելողները շատ չէին, մեր այնտեղ գտնվելու 2 ժամվա ըթնացքում ընդամենը երկու ընտանիք եկավ, գուցե պատճառը դժվար ճանապարհն է, գուցե մարդիկ մտածում են, որ արդեն ոչինչ չի պահպանվել:

Մեզ հետ այցելած վանաձորցի մի ընտանիք պատմեց, որ արդեն  երրորդ անգամ է գալիս այստեղ եւ երբեք շինարարներ չի տեսել, միշտ այս վիճակում է եղել վանքը: «Եկել են մի երկու փայտ են տնկել, փողերը դուրս գրել, կերել, գնացել են, հեչ պետքնե՞րն է վանքը, ամեն անգամ գալիս եմ` հույսով, որ մի բան արված կլինի, բայց ամեն անգամ ավելի վատ վիճակում եմ գտնում վանքը»,- նշեց նա:

Մեկ այլ երիտասարդ այցելու ափսոսանք հայտնեց, որ Ազգային պատկերասրահում տեսել է Քոբայրավանքի որմնանկարները, սակայն այժմ ոչինչ չի պահպանվել: «Տարիներ շարունակ երազել եմ այստեղ այցելել, վերջիվերջո ամենուր չես գտնի 1 2-րդ դարի վանք, բայց չէի սպասում, որ այս վիճակում կլինի: Մեկ այլ երկրում որ լիներ, պատկերացնում եք` ի՞նչ տուրիստական գոտի կդարձնեին, ո՞նց կվերականգնեին, ո՞նց կներկայացնեին աշխարհին»,- ասաց նա:

«Քոբայրավանքը անտերության է մատնված, որովհետեւ այն կառուցողները կենդանի չեն»,- զբոսաշրջիկների հարցին ի պատասխան, կեսկատակ, կեսլուրջ ասաց  հարեւան գյուղի հոգեւոր հովիվը, ում անունը հասկանալի պատճառներով չենք նշում: Իսկ թե ինչու է անտերության մատնված, ապա հոգեւորականը պատճառաբանեց, որ այն ընկել է Մշակույթի նախարարության ձեռքը, իսկ մինչ այսօր, նրա խոսքով, մշակույթի նախարարությունը որեւէ հուշարձանի վերականգնման հաջողված փորձ չունի:

Քոբայրավանքի վերականգման մասին NEWS.am-ի թղթակցին Մշակույթի նախարարությունից հայտնեցին, որ  Քոբայրի վանքը զանգակատուն-տապանատուն վերականգնման աշխատանքներն իրականացնում է «Բուրգ 999» ՍՊԸ-ն:  2011-2012թթ կատարվել է զանգակատուն-տապանատան վերականգնման  աշխատանքներ, որոնք արժեցել են 15 միլիոն դրամի: Զանգակատուն-տապանատան վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014թթ:

Մնում է հուսալ, որ 2014թ-ից հետո Քոբայրավանքը կլինի բարեկարգված, գոնե զանգակատունը-տապանատունը վերականգնված կլինի, եւ այնտեղ չես գտնի աղբ ու անտերություն, այլ պատմական հուշարձան եւ նորմալ ենթակառուցվածքներ:

Ի դեպ, Քոբայր անունը կազմված է վրացերեն «քոբ» եւ հայերեն «այր» բառարմատներից եւ նշանակում է քարայր. շրջակա բնապատկերում գերակշռող բազմաթիվ քարայրների առկայությունը կարծես հիմնավորում է տեղանվան նման բացատրությունը։

Նշենք, որ Քոբայրի վանք կամ Քոբայրավանքը գտնվում է Լոռիիում` Քոբայր գյուղի մոտ, Դեբեդ գետի ձորալանջին, բարձրադիր ու դժվարամատչելի վայրում: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց քոբայրցիներից մեկը, գյուղում կա 15 տուն, սակայն միայն 10-ում  է մարդ ապրում:

Վանքը կառուցվել է 1171թ Բագրատունի հարստության  Կյուրիկյան ճյուղի  իշխանների  կողմից: Հանդիսացել է միջնադարի կարեւոր հայ գրչօջախներից եւ մշակութային կենտրոններից մեկը, որի հետ է կապվում XII դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը: Վանքը պատկանել է Կյուրիկյան Բագրատունիներին, ապա, անցնելով Զաքարյան իշխանական տոհմի վրացադավան ներկայացուցիչներին, XIII դ. կեսին վերածվել է քաղկեդոնիկ վանքի: Վանքի համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, զանգակատուն-տապանատնից ու սեղանատնից եւ շրջապատված է եղել բրգավոր, բարձրաբերձ պարիսպներով:

Քոբայրը հռչակված է իր բարձրարվեստ որմնանկարներով, որոնք զարդարել են նրա 4 շինությունները՝ մեծ եկեղեցին, մատուռ-ավանդատունը, սյունասրահը եւ զանգակատան տապանատունը: 2006թ. սկսվել են վանքի վերանորոգման աշխատանքները:

Ներկայացնում ենք NEWS.am-ի թղթակցի բացառիկ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺԸ Քոբայրավանքից: