«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհուրդը հանդես է եկել Հունգարիայի իշխանությունների քայլը դատապարտող հայտարարությամբ: Հայտարարությունում ասվում է.

«Տարիներ առաջ  Բուդապեշտում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մահվան վիշտը դեռ բոլորիս սրտում էր, երբ պարզվեց, որ Հունգարիայի իշխանությունները գործաքի մեջ մտնելով Ադրբեջանի հետ` հանցագործ, արյունարբու մարդասպան Ռամիլ Սաֆարովին հանձնեցին սուլթանական Ադրբեջանին, որն էլ ուրախությամբ ընդունելով Սաֆարովին ազատ արձակեց հանցագործին:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դատապարտում է Հունգարիայի իշխանությունների անարդարացի քայլը: Ադրբեջանին հանձնելով Սաֆարովին հունգարական կողմը շատ լավ պետք է գիտակցեր, որ Ադրբեջանը ազատ է արձակելու Սաֆարովին:

Պահանջում ենք, որպիսզի  Եվրամիությունը  անհապաղ դատապարտի իր դաշնակցի կատարած քայլը եւ վերականգնի իր բարի համբավը: Եվրոպական երկրներում գտնվող բոլոր եզդիական կազմակերպություններին խնդրում ենք իրենց երկրներում  հնարավորության սահմաններում աջակից լինեն մեր հայ եղբայրներին եւ քույրերին` այս հարցի լուծման գործում:

Հայ ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունը դա հանցագործություն է նաև եզդի ժողովրդի հանդեպ: Հայաստանում բնակվող բոլոր եզդի երիտասարդներին  խնդրում ենք մասնակից լինել այն բոլոր ակցիաներին որոնք վերաբերվելու են Հունգարիայի կողմից կատարած անարդարությանը»: