«Ես կարծում եմ, որ խորը թյուրիմացության մեջ է տիկին Փոստանջյանը, եթե գտնում է, որ ՀՅԴ-ն իրական ընդդիմություն չէ»,- հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու հավելեց. «Իսկ եթե նա մտածում է, որ իրական ընդդիմությունը գոռգոռոցներով, աղմուկ աղաղակներով, հայհոյախառն արտահայտություններով պետք է ներկայանալի լինի, ապա այդպիսի ընդդիմադիր կեցվածքի անձը մեզ մոտ տեղ չունի»:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն փաստին, որ ԱԺ ղեկավարությունը փորձում է «Ժառանգության» ներկայացուցիչ Զ. Փոստանջյանին զրկել ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամությունից, նշելով, որ այնտեղ ընդդիմությունը` հանձինս ՀՅԴ-ի, արդեն ունի ներկայացուցիչ, եւ դա Արմեն Ռուստամյանն է, Ա. Մինասյանը պատասխանեց. «Եթե դիտարկենք, որ ընդդիմությունը մեկ անձով պետք է ներկայացվի ԵԽԽՎ պատվիրակության կազմում, ապա դա պետք է վերապահվի ավելի մեծ ուժին, որը ՀՅԴ-ն է»:

Նա ընդգծեց նաեւ, որ «քաղաքական համակարգի զարգացումներն այլեւս թույլ են տալիս ասելու, որ մենք պետք է քայլ առաջ կատարենք՝ իսկապես քաղաքակիրթ ընդդիմադիր դաշտի ձեւավորման ուղղությամբ»:

Ինչ վերաբերում է «Ժառանգության» հետ հետագա համագործակցությանը, դաշնակցական գործիչն ասաց. «Այդ համագործակցությունը եղել եւ շարունակվելու է, անկախ նրանից, թե Զ. Փոստանջյանն ինչպիսի գնահատական կտա: Եթե „ժառանգության“ գնահատականն է այդպիսին, ավելի լավ կլինի, եթե հենց „Ժառանգությունը“ նման հայտարարությամբ հանդես գա: Թե չէ, „Ժառանգություն“ խմբակցության մեկ այլ անդամ էլ ՍԴՀԿ անդամ է դարձել, բայց դա հո չի՞ նշանակում, որ ամբողջ „ժառանգությունը“ նման կարգավիճակ ստացավ»:

Արծվիկ Մինասյանին դուր չէր եկել նաեւ այն, որ Զարուհի Փոստանջյանը Ամանորին ԱԺ պատգամավորներին կոնֆետի տուփի մեջ փաթաթած հող էր նվիրել: «Պատգամավորներին Հայաստանի հող նվիրելու Զ. Փոստանջյանի ակցիան հարիր չէ այն անձին, ով իրեն համարում է ազգայնական եւ փորձում է այդպիսի նվեր մատուցել մեկ այլ ազգայնական ուժի ներկայացուցչի»,- ասաց նա: