Հայաստանի Ազգային Ժողովի հոկտեմբերի 3-ի նիստում, ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատգամավոր Խոսրով Հարությունյանը հայտարարեց, որ անվադողերը Թբիլիսիում փոխելն ավելի ձեռնտու է, քան Երեւանում, հաշվի առնելով նույնիսկ ճանապարհածախսն ու գիշերակացը Թբիլիսիում:

NEWS.am-ը որոշեց մի փոքր ուսումնասիրություն կատարել անվադողերի շուկայում՝ պարզելու, թե ի՞նչ իրավիճակ է իրականում:

Հայտնի է, որ Հայաստանում 300 հազ. ավտոմեքենա կա: Եթե յուրաքանչյուր երրորդ մեքենայի համար տարվա մեջ թեկուզ մեկ անվադող գնվի, ապա Հայաստանում տարեկան պետք է իրացվի մոտ 100 հազ. հատ անվադող: Անվադողերի գները տարբեր են՝ սկսած 15 հազ. դրամից մինչեւ 300 հազ. դրամ: Եթե պայմանականորեն միջին գին վերցնենք 20 հազ. դրամը (անվադողերի ամենախոշոր շուկան 15-35 հազ. դրամի սեգմենտում է), ապա անվադողերի մանրածախ շրջանառությունը տարեկան պետք է կազմի մոտ 2 մլրդ դրամ կամ մոտ 5 մլն դոլար: Այս թիվը համապատասխանում է նաեւ պաշտոնական վիճակագրության հրապարակումներին:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության արտաքին առեւտրի ութանիշ դասակարգման՝ 2011 թ. Հայաստան է ներկրվել մոտ 5 մլն դոլարի անվադող, որից՝ 4.1 մլն դոլարը բաժին է ընկնում մարդատար ավտոմեքենաներին:

Անվադողերի շուկայում, ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ռեեստրի, առկա են 3 խոշոր ընկերություններ, որոնք գրանցված են որպես գերիշխող դիրք գրավողներ (միասին տիրում են շուկայի 66.69%-ը): Այդ ընկերություններն են՝ «Բելռոս» (մասնաբաժինը՝26,29%), «Մեծ անիվ» (22,18%) եւ «Ավտոշեմ» (18,22 %): Նշենք, որ «Բելռոսն» ու «Ավտոշեմը» համեմատաբար նոր ընկերություններ են (հիմնադրված համապատասխանաբար 2005 թ. եւ 2006 թ.): «Մեծ անիվը» հայտնի է 90-ական թվականներից եւ երկար տարիներ համարվում էր այս շուկայի միակ գերիշխողը: Ընդհանուր առմամբ՝ այս շուկայում ակտիվ գործունեություն են իրականացնում մոտ 10 ընկերություններ;

Անվադողերի շուկայի մի քանի ընկերություններից փորձեցինք ճշտել Հայաստանում անվադողերի թանկության պատճառը: «Բելռոսի» կոմերցիոն տնօրեն Հակոբ Հովհաննիսյանն ասաց, որ իրականոմ Հայաստանում նոր անվադողերն ավելի էժան են, քան Վրաստանում, սակայն վրացական շուկան առաջարկում է օգտագործված ու էժան անվադողեր: Հենց այդ օգտագործված անվադողեր ձեռք բերելու համար էլ մարդիկ շատ հաճախ մեկնում են Վրաստան: Նույնը փաստեցին հարցման ենթարկված անվադողերի շուկայի մյուս մասնակիցները: Խնդիրը ծագել է այն պատճառով, որ Հայաստանում արգելում են օգտագործված անվադողեր ներկրել, իսկ Վրաստանում՝ ոչ: Մեզ մոտ կիսամաշ անվադողերի շուկա գոյություն չունի, իսկ Վրաստանում այն բավական զարգացած է: Վրաստանը Եվրոպայից ներկրում է մոտ 10% մաշվածությամբ, սակայն 10-12 տարվա վաղեմության անվադողեր: Արտաքուստ դրանք թվում են նոր, սակայն հաշվի առնելով, որ ցանկացած անվադողի օգտագործման ժամկետը չի գերազանցում 5 տարին, իրականում այնքան էլ հուսալի չեն: Նման անվադողեր օգտագործելը պարունակում է ռիսկի տարրեր, քանի որ անվադողի քիմիական բաղադրիչները տարիների ընթացքում կարող են մաշված լինել, հետեւաբար՝ բարձր արագությունների կամ կտրուկ արգելակումների ու թեքումների ժամանակ դրանք կարող են պայթել: 

Հայաստանյան շուկայում կան անվադողերի թանկության այլ պատճառներ եւս: Շուկայի մասնակիցներից մեկի տեղեկացմամբ՝ վրացական նավահանգստից մինչեւ Երեւան մեկ կոնտեյների արժեքը 2000 դոլար է, իսկ մաքսազերծումը բավական թանկ է: Մաքսային մարմինները հաճախ կիրառում են հսկիչ գներ, որոնք լրացուցիչ թանկացնում են ապրանքը: Օրինակ՝ 70 դոլարով գնված անվադողի հսկիչ գին է սահմանվում 210 դոլարը, հետեւաբար՝ դրա համար պետք է վճարել 68 դոլար հարկեր (20% ավելացված արժեքի հարկ, 10 % մաքսատուրք եւ 2% մաքսավճար, ընդամենը՝ 32%): Այս մոտեցումը, բնականաբար, չի կարող չանդրադառնալ անվադողի շուկայական մանրածախ գնի վրա:

Պատրաստեց՝ Սամվել Ավագյանը