Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի հաստատմանն է ներկայացրել ՀՀ տարածքում ավտոկայանտեղի կազմակերպման ու գետնանշման կարգերը:

Ըստ այդմ` ավտոկայանտեղիները պետք է գետնանշվեն կարմիր գույնով:

Եթե ավտոկայանտեղին փողոցի երթեւեկելի մասում է` հարեւան գոտիներից պետք է առանձնացվի կարմի գույնի խզվածքներով: Եթե տվյալ ավտոկայանատեղիում մեքենաները կարող են զուգահեռ կայանել, ապա կայանատեղին պետք է սահմանագծվի հոծ կարմիր գույնով

Եթե ավտոկայանատեղին հրապարակում է, ապա մուտքն ու ելքը գետնանշվելու են կարմիր խզվածքներով, իսկ հրապարակի հետ` հոծ կարմիր գծով:

Ավտոկայանատեղերի կազմակերպումը իրականացվելու է համայնքի ավագանու որոշման հիման վրա, իսկ տեղաբաշխումը համաձայնեցվում է ՀՀ ոստիկանության հետ: Եթե ավտոկայանատեղերը պետք է կազմակերպվեն զորամասերի, ռազմական կամ ազգային անվտանգության համակարգերի շենքերին կամ շինություններին հարակից տարածքներում, ապա այդ ավտոկայանատեղի տեղաբաշխումը համաձայնեցվում է նաեւ համապատասխան մարմինների հետ:

Սահմանվել է, որ ավտոկայանատեղից օգտվելու պայմանների վերաբերյալ ցուցանակները պետք է տեղադրվեն մատչելի եւ տեսանելի վայրում: