«Հրապարակը» գրում է, որ Սամվել Բալասանյանի` Գյումրիի քաղաքապետ դառնալուց հետո Ազգային ժողովը պետք է ընտրեր ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի նոր նախագահ:

ԲՀԿ-ն առաջարկեց Գյումրիից ընտրված Մարտուն Գրիգորյանի թեկնածությունը, եւ քվեարկության ժամանակ ՀՀԿ-ն  ախպերավարի մոտեցում դրսեւորեց: Տպավորությունն այնպիսին էր, որ այս երկու կուսակցությունները կրկին կոալիցիոն գործընկերներ են, կամ էլ ԲՀԿ-ի «այլընտրանքային» լինելը չի խանգարում ՀՀԿ-ին: Միայն վերջինիս ջանքերով կայացավ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի ընտրությունը: Նշված հանձնաժողովը, Դոնթի բանաձեւով, ԲՀԿ-ի քվոտան է, սակայն, անկախ այդ բանաձեւից եւ քվոտայից, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ են ընտրվում քվեարկությամբ, ինչը երեկ տեղի ունեցավ:

75 «կողմ», 4 «դեմ» ձայնով Գրիգորյանն ընտրվեց ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ: Այսինքն` եթե իշխող մեծամասնությունը ցանկանար, կարող էր տապալել Մարտուն Գրիգորյանի ընտրությունը: Քանի որ ԲՀԿ-ն ԱԺ-ում ունի 36 պատգամավոր, եթե դրան գումարենք մյուս ընդդիմադիր կամ ոչ իշխանական խմբակցությունների թիվը, ապա ստացվում է` 53, ինչը նշանակում է, որ քվորում չէր ապահովվի, եթե ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը չմասնակցեին քվեարկությանը:

Սակայն ՀՀԿ փոխնախագահը մեծ կազմակերպվածությամբ քվեարկության վայր բերման ենթարկեց ՀՀԿ-ականներին եւ ՕԵԿ-ականներին, որոնք էլ ապահովեցին Մարտուն Գրիգորյանի ընտրության համար անհրաժեշտ քվեների քանակը: Ի դեպ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չթաքցրեց իր ոգեւորությունն այս առիթով եւ, քվեաթերթիկն արկղի մեջ գցելուն զուգահեռ, Մարտուն Գրիգորյանին նայելով՝ բացականչեց. «Մարտուն ջան, բարով կառավարես»: Ի դեպ, ՕԵԿ-ականները մինչեւ քվեարկության վերջին րոպեները դեռ չէին ներկայացել եւ դա արեցին միայն Գրիգորիչի ուղեկցությամբ: ՀՅԴ խմբակցությունից, որը Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ժամանակ ամենաընդդիմադիր ելույթներն էր ունենում եւ աջակցում ԲՀԿ-ին, քվեարկությանը մասնակցեց միայն Արծվիկ Մինասյանը:

Այս քվեարկությունն ուշագրավ էր առաջին հերթին ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների համատեքստում: Մինչ ԲՀԿ-ՀՀԿ հարաբերությունները երկուստեք հայտարարությունների եւ միմյանց նկատմամբ գնահատականների հիման վրա համարվում են լարված, ավելին՝ ԲՀԿ-ն տակավին երեկ էր խորհրդարան վերադարձել ԱԺ աշխատանքների մեկշաբաթյա բոյկոտից հետո, Մարտուն Գրիգորյանի ընտրությունը ցույց տվեց, որ այդ հակամարտությունը եւ հակասություններն արհեստական են: