Երեկ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը 75 կողմ, 4 դեմ ձայներով ընտրվել է Աժ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։
«Այս պաշտոնը թափուր էր մնացել Սամվել Բալասանյանի` Գյումրիի քաղաքապետ դառնալուց հետո: Թեեւ այս պաշտոնը, այսպես կոչված, Դոնթի բանաձեւով, ԲՀԿ-ի քվոտան է, սակայն, անկախ այդ բանաձեւից եւ քվոտայից, Աժ մշտական հանձնաժողովի նախագահ են ընտրվում քվեարկությամբ: Այսինքն` եթե իշխող մեծամասնությունը ցանկանար, ապա կարող էր տապալել Մարտուն Գրիգորյանի ընտրությունն այդ պաշտոնում: Եթե անգամ Աժ-ում ԲՀԿ-ի 36 պատգամավորներին գումարենք մնացած ոչ իշխանական պատգամավորներին, ապա ստացվում է` 53: Այսինքն` իշխող մեծամասնությունը ԲՀԿ-ի կամ Մարտուն Գրիգորյանի համար ապահովել է ամբողջ 22 կողմ ձայն: Դա նշանակում է, որ եթե ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը չմասնակցեին քվեարկությանը, ապա Մ. Գրիգորյանը չէր ընտրվի այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Այս քվեարկությունն ուշագրավ է ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների սրման համատեքստում: Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո ԲՀԿ-ն անգամ բոյկոտեց Աժ աշխատանքը: Մարտուն Գրիգորյանի ընտրությունը, սակայն, ցույց է տալիս, որ այդ հակամարտությունը եթե ոչ` ամբողջությամբ, ապա զգալի չափով արհեստական էր, կամ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուց հետո ինչ-որ բան է փոխվել երկու կուսակցությունների հարաբերություններում:
«Հետաքրքիր է` իր ոչ խորհրդարանական գործունեության ընթացքում Մարտուն Գրիգորյանը Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով հանձնաժողովի նախագահ ընտրվելու հարցում ո՞ւմ եւ որքանո՞վ է շնորհակալ լինելու` միայն ԲՀԿ-ի՞ն, թե՞ նաեւ ՀՀԿ-ին, գուցե երկուսին` միասին վերցրած»,- գրում է «168 ժամը»:




























