Վերջին օրերին արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը Facebook սոցիալական ցանցում, փաստացիորեն, ներկայացնում է իր նախըտրական ծրագիրը, որն ավելի շատ բաժակաճառ է հիշեցնում, քան իրագործելի ծրագիր։ Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։
«Ուշագրավ է, որ պաշտոնաթող դիվանագետի վերջին մեկ տարվա հրապարակային գործողությունների, հայտարարություն-ելույթների ու սոցիալական ցանցերում «ստատուսների» հիմնական մեխը «քաղաքական հակակշիռների» ստեղծման գաղափարի արծարծումն է:
Ըստ էության, Օսկանյանը պնդում է, թե երկրի չարիքների պատճառն այն է, որ ՀՀԿ-ն իր ձեռքում է կենտրոնացրել իշխանությունը, եւ, եթե ստեղծվի հակակշիռ` ի դեմս ԲՀԿ-ի, ապա հնարավոր կլինի «կարգի բերել պետական համակարգն ու առողջացնել քաղաքական համակարգը»: Խոսելով «քաղաքական հակակշիռների մասին»` Օսկանյանը, փաստացիորեն, հասկացնում է, որ ԲՀԿ-ն հավակնում է կիսելու իշխանությունն իշխող հանրապետականի հետ եւ մասնաբաժին է պահանջում: Այդ է պատճառը, որ միջին տրամաչափից բարձր ԲՀԿ-ականները առիթը բաց չեն թողնում շեշտելու, թե Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունն ընտրություններում կես միլիոն ձայն է հավաքել եւ հայաստանյան ամենակարեւոր քաղաքական ուժն է: Ի դեպ, ԲՀԿ-ականներն առիթը բաց չեն թողնում նաեւ ակնարկելու, թե 2012-ի մայիսյան խորհրդարանական ընտրությունները կեղծված են եղել եւ «իրական ձայներ» ունի միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Հավելենք նաեւ, որ «իրական ձայների» մասին խոսելով` ԲՀԿ-ն, փաստացիորեն, ակնարկում է, որ ՀՀԿ-ի ձայները ձեռք են բերվել վարչական լծակների եւ այլ ոչ օրինական լծակների օգտագործման ճանապարհով: Եվ դա այն դեպքում, երբ 2012 թ. մայիսի 7-ի դրությամբ ԲՀԿ-ն եւս իշխանության մաս էր` կառավարությունում ունենալով նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ ու փոխմարզպետներ: Ուստի եւ հարց է առաջանում. ի՞նչ է, ԲՀԿ-ն չի՞ օգտագործել իր տիրապետած վարչական ռեսուրսը, եւ արդյոք ԲՀԿ-ն ֆինանսական լծակ չի՞ գործածել ձայներ հավաքելու համար»,- գրում է «Իրատես de facto»-ն։



























