«Հունվարի 25-ին Սոչիում կայանալիք Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ եռակողմ հանդիպումը պետք է որ Մայնդորֆյան հռչակագրի շարունակությունը լինի, որովհետեւ հանդիպումը միեւնույն կազմով է անցկացվում, ինչ որ այն ժամանակ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը։
Նրա կարծիքով, առաջվա նման ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի՝ որպես բանակցային կողմի, ներկայացված չլինելու խնդիրը, ինչից Մայնդորֆյան հռչակագրի ստորագրման ժամանակ Ադրբեջանը ճարպկորեն օգտվեց։ «Դեռ այն ժամանակ Ադրբեջանը շահարկում էր այդ հարցը՝ հայտարարելով, որ քանի որ բանակցային գործընթացին փաստացի կերպով մասնակցում են Հայաստանը եւ Ադրբեջանը, իսկ Ղարաբաղն էլ Ադրբեջանի մի մասն է, նշանակում է, որ հայկական կողմը շարունակում է իր զորամիավորումները թողնել Ադրբեջանի տարածքներում։ Հենց սա է գլխավոր վտանգը»,-նշեց նա՝ ավելացնելով, որ Ադրբեջանին նոր հնարավորություններ չտալու համար հայկական կողմը ծայրահեղ «զգոն եւ աչալուրջ» պետք է լինի։ Ավելին, Վ. Խաչատրյանի կարծիքով, Հայաստանը պետք է հասնի նրան, որ բանակցային գործընթացում ներառվի նաեւ ԼՂՀ-ն։
Հարցին, թե որքանո՞վ հավանական է համարում Սոչիում որեւէ լուրջ փաստաթղթի ստորագրումը, ԱԺ պատգամավորը տեսակետ հայտնեց, որ «ամեն ինչ կարող է լուրջ լինել, քանի որ սա Մայնդորֆյան հռչակագրից հետո ստորագրվող երկրորդ փաստաթուղթն է, որի տակ իրենց ստորագրությունները պետք է դնեն երկու երկրների նախագահները»։
Գործընթացի ակտիվացումը պայմանավորելով Թուրքիայի՝ բոլոր կողմերի, այդ թվում՝ Ադրբեջանի վրա հնարավոր ճնշումներ գործադրելու տարբերակով՝ Վ. Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ այս կերպ «Թուրքիան ցանկանում է առանց իր դեմքը կորցնելու ձեռնամուխ լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը եւ ղարաբաղյան հարցում ոչ մի փորձաքարի չհանդիպել»։




























