Հունվարի 20-ին ժամը 20:00-ի մոտակայքում Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստ Վարդան Հովհաննիսյանը բռնության է ենթարկվել մի խումբ ոստիկանների կողմից:

Թեղուտի պաշտպանության շարժման գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյան փողոցում Հովհաննիսյանին եւ մոտեցել սեւազգեստ տղամարդիկ, սկզբում մեկ հոգի, այնուհետեւ եւս չորսը: Նրանք հարցրել են, թե ինչ էր անում Վարդանը բակում: Վերջինս պատասխանել է, թե բակում ընդհանրապես չի եղել: Դրանից հետո նրան քաշքշելով փողոցից հեռացրել են դեպի բակ եւ հայհոյելով հարվածներ հասցրել:

Այս ընթացքում Վարդանը զանգահարել է 102` ոստիկանություն, եւ այդ ժամանակ միայն ահաբեկիչներն ասել են, որ իրենք ոստիկաններ են, իսկ նրանցից մեկը ներկայացել է որպես ոստիկանության փոխգնդապետ եւ ցույց է տվել իր վկայականը: Երբ Վարդանը հայտարարել է, որ կզանգի փաստաբանին, ոստիկանները հեգնել են, թե`"ուզում ես պրեզիդենտի ապարատ զանգի": Իսկ հետո որոշել են, թե իբր նրան շփոթել են ուրիշի հետ եւ բաց են թողել:

Նշենք, որ զանգից մի քանի րոպե անց 102-ից հետ են զանգել Վարդանին, հարցրել թե ինչպես է եւ խնդրել ներկայանալ բաժին: Ոստիկաններից հենց նոր տուժած Վարդանը չի վստահել ոստիկանությանը եւ հրաժարվել է գնալ բաժին, այլ պահանջել է, որպեսզի ոստիկանության ծառայողներն իրենք գան դեպքի վայր:

Ի դեպ, հաջորդ օրը հունվարի 21-ին, երբ լրագրողները փորձել են ոստիկանությունից մանրամասներ ճշտել դեպքի կապակցությամբ, գերատեսչությունում պատասխանել են, որ նման դեպք իրենց մոտ չի գրանցվել:

«Այս միջադեպը Թեղուտի պաշտպանության խմբի անդամների նկատմամբ հետապնդումների միակ դեպքը չէ, սակայն առաջին անգամ է, որ ֆիզիկական բռնություն է գործադրվում ակտիվիստի նկատմամբ»,- նշել են բնապահպաններն ու հավելել. «Մենք դատապարտում ենք վերջերս լայն տարածում գտած բռնություններն ու հետապնդումները ակտիվ դիրքորոշում ունեցող քաղաքացիների նկատմամբ: ՀՀ պատկան մարմիններից պահանջում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել եւ վերջ տալ ոստիկանական ամենաթողությանն ու անպատժելիությանը»: