Հայ օպերային երգչուհի Աննա Կասյանը միջազգային International Classical Music Awards կազմակերպության ժյուրիի որոշմամբ լավագույնն է ճանաչվել «Լիրիկական ժանրում տարվա հայտնություն» անվանակարգում, հայտնում է Ֆրանսիայում հայ համայնքի Nouvelles Armenie հանդեսը: Մրցանակը տրվելու է փետրվարի 8-ին:

Աննա Կասյանը ծնվել է 1981թ. Թբիլիսիում, հայտնի հայ դուդուկահար Հովհաննես Կասյանի ընտանիքում, այժմ ապրում է Փարիզում:

Նա բազմաթիվ երաժշտական մրցույթների դափնեկիր է: Թբիլիսիի տաղանդաշատ երեխաների Կենտրոնական երաժշտական դպրոցի շրջանավարտ է (ֆորտեպիանո եւ ջութակ), Կասյանը ութ տարեկանից երգում է համերգներում: 1999թ. ընդունվել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիա:

Միջազգային քվեարկությանը կարող են մասնակցել նաեւ Հայաստանից: Քվեարկելու մանրամասներին կարող եք ծանոթանալ www.annakasyan.com կայքում: