Թուրքիայում «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության (BDP )նոր ղեկավար է ընտրվել Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Սելլահաթին Դեմիրթաշը:
Նշենք, որ 2009թվականի դեկտեմբերի 11-ի Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ փակվեց քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը, նրա ղեկավարին ու էլի 37 հոգու արգելվեց զբաղվել քաղաքականությամբ։ Այնուհետ հիշյալ կուսակցության անդամները անդամագրվեցին «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը։
Սելլահաթին Դեմիրթաշի դեմ «Ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզելու» (PKK) մեղադրանքով Սելլահաթին Դեմիրթաշի նկատմամբ կա քրեական գործ՝ Դիարբեքիրի ծանր հանցագործությունների գծով դատարանում։
Դեմիթաշը 2009 հոկտեմբերի 21-ին Թուրքիայի խորհրդարանի գլխավոր խորհրդի նիստում աջակցություն հայտնելով ստորագրված հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրություններին՝ հանդես էր եկել հետեւյալ հայտարարությամբ. ""Թուրքական իշխանությունների անկեղծությանը հավատալու համար՝ անհրաժեշտ է, որ պատմության գրքերում գրվեն հայ ժողովրդի հանդեպ իրականացրած կոտորածների մասին։ Թուրքիայի պատմության գրքերում ուռճացվել են հայերի կողմից կատարված հարձակումները, իսկ հայերի հանդեպ թուրքերի իրականացրած կոտորածները ընդհանրապես տեղ չեն գտել։ Թուրքական իշխանությունները Թուրքիայում դեռեւս շարունակվող հայերի հանդեպ թշնամությունը վերացնելու համար ոչ մի միջոց չեն ձեռնարկում։ Դրա վառ օրինակն է Հրանտ Դինքի սպանության գործում առկա անգործությունը։ Մինչեւ հիմա «հայի զավակ» արտահայտությունը որպես հայհոյանք է ընկալվում Թուրքիայում։ Նախ եւ առաջ Թուրքիան պետք է հրաժարվի պատմության գրքերում թշնամանք տարածելուց։ Պետք է սկսել խաղաղության լեզուն պատմության գրքերում արտացոլել",- ասել է նա ու հիշեցրել, որ «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Ջանան Արըթմանը մոտ մեկ տարի առաջ փորձել էր քննադատել Թուրքիայի նախագահ Գյուլին՝ ասելով որ նրա մոր արմատները հայկական են։
«Իր հերթին նախագահ Գյուլը անհանգիստ վիճակի մեջ էր՝ իր մոր հայկական ծագման հետ կապված քննարկումների պատճառով։ Պետությունը պետք է կանխարգելի հայ ինքնության դեմ տարածվող ռասիստական նկրտումները։ Ոչ միայն հայերի, այլեւ բոլոր էթնիկ խմբերի հանդեպ։ Վերջերս իր մահկանացուն կնքած հայտնի երաժիշտ Արամ Տիգրանիին արգելեցին թաղել Դիարբեքիրում՝ զուտ նրա ազգային ինքնության պատճառով»,-ասել է Սելահաթին Դեմիրթաշը։




























