Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դպրոցներում այլընտրանք չունի, որովհետեւ դա ժամանակի պահանջն է։ Այս մասին NEWS.am-Ինովացիա-ի թղթակցի հետ հարազրույցում համոզմունք հայտնեց «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը՝ նշելով, որ ամբողջ աշխարհում հանրակրթական դպրոցներում ինովացիոն տեխնոլոգիաների կիրառումով բարձրացնում են մատուցվող նյութի մատչելիությունը։ «Հայաստանը այս առումով բավականին ետ է մնացել մյուս երկրներից, սակայն վերջին երկու տարիների ընթացքում բավական շատ աշխատանք է տարվում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այսօր դպրոցների մեծ մասն արդեն ապահովված են համակարգիչներով եւ համացանցով (ինտերնետով)։ «Համացանցի առկայությունը շատ խնդիրներ կարող է լուծել, մասնավորապես՝ դպրոցի եւ սաների ծնողների փոխադարձ կապը, կամ ուսուցչի եւ սաների կապը ապահովել։ Դպրոցները պետք է սեփական կայքեր ունենան, որտեղ կարող են նաեւ կրթական հիմնական ծրագրին օժանդակող նյութեր տեղադրել»,- ասաց Ռ. Վարդանյանը՝ նշելով, որ վարժարանն իր կայքում փորձում է ծնողների եւ աշակերտների համար օգտակար տեղեկատվություն տեղադրել։
Ըստ նրա՝ ծնողներն արդեն վարժարանի կայքից են ծանոթանում դպրոցում տեղի ունեցող իրադարձություններին։ «Հնարավորություն կա նաեւ կապ ստեղծելու հիվանդության կամ այլ հարգելի պատճառով դասերի չհաճախող աշակերտների եւ ուսուցիչների միջեւ, այնպես որ, նա կարող է տանից մասնակցել դասի ընթացքին»,- ասաց տնօրենը՝ ավելացնելով, որ դպրոցում, բացի պարտադիր ուսումնական ծրագրից, դասի յուրացման համար լայնորեն կիրառվում են նորարարական ծրագրերը։ «Ֆիզիկա, մաթեմատիկա առարկաների համար „վիրտուալ լաբորատորիա“ ծրագրեր են գրվել մեր մասնագետների կողմից, իսկ անգլերեն եւ ռուսերեն առարկաների համար ստեղծվել են էլեկտրոնային ձեռնարկներ, որոնք բաժանվել են Հայաստանի բոլոր դպրոցներին եւս»,- տեղեկացրեց Ռ. Վարդանյանը՝ նշելով, որ տեղյակ չէ, թե հանրակրթական մյուս հաստատություններում որքանով են օգտագործում էլեկտրոնային ձեռնարկները։
Նորարությունների դանդաղ ներդրման պատճառներից մեկը, նրա կարծիքով, մանկավարժների համակարգչին անծանոթ լինելն է։ «Ճիշտ է՝ վերապատրաստումներ լինում են, բայց մանկավարժները չեն շտապում փոխել տարիներ շարունակ օգտագործած մեթոդիկան»,- նշեց Ռ. Վարդանյանը։




























