«Արեգակնային էներգետիկան բավականին կիրառելի է առնվազն ջերմային էներգիա ստանալու համար` այսինքն տաք ջուր ստանալու համար»,- NEWS.am-Ինովացիա-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով Հայաստանում արեգակնային էներգետիկայի կիրառման հեռանկարներին, նշեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության «Էներգետիկայի ռազմավարության կենտրոնի» տնօրեն Վահան Սարգսյանն ու հավելեց. «Այսինքն արեւային պանելները տեղադրում են շենքերի կտուրներին եւ ստանում են տաք ջուր: Դրանից բացի, արդեն բավականին լայն տարածում ունեն արեւային էլեկտրակայանները` այսինքն երբ այդ պանելներից նաեւ էլեկտրաէներգիա են ստանում եւ մատակարարում են սպառողին»: Վ. Սարգսյանը տեղեկացրեց, որ նման սարքեր են տեղադրվել Ամերիկյան համալսարանի, Նարկոլոգիական դիսպանսերի եւ «Կարմիր խաչի» շենքի կտուրներին:
«Նման սարքերը հեռանկարային են հատկապես մեր երկրի համար, որովհետեւ Եվրոպական երկրների հետ համեմատած՝ մեզ մոտ արեգակնային էներգիայի ցուցանիշները բավականին լավ են»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ մոտ ապագայում դա կիրառություն գտնի ավելի լայն շրջանակներում եւ բնակչությունը կարողանա օգտվել դրանից, Կենտրոնի տնօրենը պատասխանեց. «Արեգակնային էլեկտրակայաններն այսօրվա տեխնոլոգիաներով դեռ համեմատաբար թանկ հաճույք են: Այսինքն, այդ ճանապարհով ստացված էլեկտրաէներգիան ավելի թանկ է, քան ավանդական եղանակով էլեկտրաէներգիայի ստացումը, ուստի լայն տարածում այն գուցեեւ չգտնի: Նման սարքեր հիմնականում տեղակայվել են էլեկտրամատակարարման վայրերից հեռու գտնվող օբյեկտներում: Բայց հեռանկարում, այսպես թե այնպես, սակագները պետք է քայլ առ քայլ աճեն: Դրա հետ միասին արեգակնային տեխնոլոգիաները ամեն տարի լուրջ տեմպերով էժանանում են, եւ գուցե մոտավորապես 5 տարի հետո արդեն այնքան համադրելի լինեն գները, որ այդ տեխնլոգիաների կիրառումը լայն տարածում ստանա»:
«Էներգետիկայի ռազմավարության կենտրոնի» տնօրենն ասաց նաեւ, որ «Արեգակնային էլեկտրակայանների, ինչպես նաեւ մյուս վերականգնվող էներգետիկայի աղբյուրների նկատմամբ պետականորեն գործում են օրենքներ եւ սակագները ի սկզբանե հաստատվում են բավականին բարձր, որպեսզի ծախսերը փակեն եւ ներդրողների համար հնարավորություն ստեղծեն՝ այդ սարքերը տեղադրելու համար»: Նրա խոսքով, կա նաեւ վերականգնվող էներգետիկայի ծրագիր, որտեղ ուղղակի հաշվարկված է, թե ինչքան պոտենցիալ կա Հայաստանում: «Կա Կառավարության կողմից հաստատված էներգետիկայի զարգացման ռազմավարություն, որտեղ նշվում է, որ հնարավոր է մինչեւ 250 մեգավատ հզորությամբ արեգակնային էլեկտրակայան ստեղծել Հայաստանում: Սա մոտավորապես այն սահմանն է, որը տնտեսապես շահավետ կլինի ներդրողների համար»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է արեգակնային պանելներով տաք ջուր ստանալուն, ապա ըստ Վ. Սարգսյանի, շատ մեծահարուստներ արդեն իսկ շահագրգռություն են ցուցաբերել եւ իրենց առանձնատների կտուրներին նման սարքեր են տեղադրել: Հարցին, թե հնարավո՞ր է, որ նման սարքեր տեղադրվեն նաեւ բազմաբնակարան շենքերի կտուրներին, Կենտրոնի տնօրենը պատասխանեց. «Բազմաբնակարան շենքերում բարդությունն այն է, որ այդ կտուրները ինչ-որ մեկի սեփականությունն են եւ խնդիր է, թե ով պետք է հետեւի այդ սարքերին: Իսկ տեխնոլոգիայի տեսակետից բացարձակապես ոչ մի բարդություն չկա»:




























