Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանում երեկ՝ հունվարի 22-ին սկսվել է լրտեսության ձեւով պետական դավաճանության գործով դատավարությունը:
Հայաստանի գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ գործով որպես մեղադրող հանդես է գալիս Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որը մեղադրանքը պաշտպանում է Արամ Ամիրզադյանի հետ:
Նշենք, որ գործով մեղադրվում են Հայաստանի ՊՆ նախկին աշխատակից Գ. Հայրապետյանը եւ Իրանի քաղաքացի, ազգությամբ ազերի Բ. Բաղերին համապատասխանաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսության ձեւով պետական դավաճանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերել ու պահել) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով (լրտեսություն, որը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կողմից) նախատեսված արարքներ կատարելու մեջ:
Նախաքննության տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ նախկին աշխատակից Գ. Հայրապետյանը 2009 թվականի ապրիլին հավաքագրվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից եւ, ստացած առաջադրանքի հիման վրա, հավաքել եւ նրանց փոխանցել գաղտնի տեղեկություններ ՀՀ զինված ուժերի մարտունակության եւ պաշտպանունակության վերաբերյալ, ինչպես նաեւ որոշակի նյութեր՝ հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով:
Ադրբեջանական հատուկ ծառայություններից վերջին հանձնարարությունը Գ.Հայրապետյանը ստացել է 2009 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Հայաստան ժամանած Բաղերիից, իսկ որպես հանդիպման նշանաբան ծառայել է Գ.Հայրապետյանին ծանոթ՝ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցի լուսանկարը: Գ.Հայրապետյանը Բ.Բաղերիին հյուրընկալել է իր տանը եւ, ծրարով ստանալով հերթական առաջադրանքը, նրան հանձնել նյութեր, որոնք կարող էին օգտագործվել հակահայկական քարոզչություն ծավալելու համար, ինչը հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Մեղրիի «Կարճեւան» սահմանային անցակետում կատարված ստուգման ժամանակ՝ Բաղերիի պայուսակի ստորին մասի տակդիրում հարմարեցված գաղտնարանից:
Այդ առթիվ՝ Գ.Հայրապետյանի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է հրազեն եւ ռազմամթերք:
Երեկ տեղի ունեցած դատական նիստում մեղադրող կողմը հրապարակել է ամբաստանյաներին առաջադրված մեղադրանքը: Ամբաստանյալ Գ.Հայրապետյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերել ու պահելու համար, իսկ լրտեսության ձեւով պետական դավաճանության համար՝ մասնակի (1 դրվագով): ԻԻՀ քաղաքացի Բ.Բաղերին իրեն մեղավոր չի ճանաչել:
Նշենք, որ դատավարությունն ընթանալու է դռնփակ, քանի որ, ըստ մեղադրող կողմի միջնորդության, քրեական գործում կցված ապացույցներն իրենց մեջ պարունակում են պետական գաղտնիք:




























