Հայաստանի ֆինանսների նախարարությունը 2009 թվականի ընթացքում տրամադրել է շահումով խաղի 22 եւ խաղատան կազմակերպման 7 լիցենզիա:

Հայաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ միեւնույն ժամանակ շահումով խաղի կազմակերպման 42 եւ խաղատան 10 լիցենզիաներ ուժը կորցրած են ճանաչվել:

Անցած տարվա ընթացքում 36 շահումով խաղի, 2 խաղատան եւ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է։ 28 շահումով խաղի, 1 խաղատան եւ 2 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:

Նույն ժամանակահատվածում շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է նաեւ տուգանք, համապատասխանաբար՝ 15 մլն, 7 մլն 700 հազար եւ 300 հազար դրամի չափով:

Ոլորտից տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գանձվել է 1 մլրդ 185 մլն դրամի չափով պետական տուրք, որից 485 մլն դրամը` շահումով խաղերի, 300 մլն դրամը` խաղատների եւ 400 մլն դրամը` վիճակախաղերի գծով:

2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 98 շահումով խաղի, 12 խաղատան եւ 4 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիաներ: