Այսօր՝ հունվարի 25-ին, կբացվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։ Այս նստաշրջանին վեհաժողովում անցկացվելու են նոր նախագահի ընտրություններ։ Պաշտոնի միակ թեկնածուն ԵԽԽՎ-ի 5 քաղաքական խմբերից մեկի՝ թուրքական «Եվրոպական դեմոկրատներ» պատվիրակության նախագահ Մեվլյութ Չավուշօղլին է։

Այս պաշտոնում նա կփոխարինի 63-ամյա իսպանացի սոցիալիստ Լուիս Մարիա դե Պուչին։ Նոր նախագահը կկառավարի երկու տարի։

Նշենք, որ ձմեռային նստաշրջանում Հայաստանին առնչվող ոչ մի հարց չի քննարկվելու։ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նարիա ԶոհրաբյանըNEWS.am"> NEWS.am-ին հաղորդել է , որ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի զեկույցը կքննարկվի միայն Մոնիտորինգի հանձնաժողովի շրջանակներում։

Այսօրվա նստաշրջանի հիմնական թեման լինելու են տնտեսական ճգնաժամը, ուկրաինական ընտրությունների առաջին փուլը եւ ազգային պատվիրակությունների լիազորությունների հաստատումը, ինչպես նաեւ առողջապահության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանը կշարունակվի մինչեւ հուվարի 29-ը։