«Սոչիում նախագահների առաջիկա հանդիպումը սկզբունքային նշանակություն ունի: Այն անցնում է Ռուսաստանի գերակայությունների՝ ակնհայտորեն ոչ Հայաստանի օգտին փոխվելու համատեքստում, եւ, բնականաբար, հանդիպման ժամանակ փորձ է արվելու հերթական անգամ ճնշում գործադրել Հայաստանի ղեկավարության վրա՝ ԼՂՀ համար անընդունելի Մադրիդյան սկզբունքների որոշակի համաձայնեցման հանգելու համար»: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի համակարգող Կարեն Օհանջանյանը:
«Իմ կարծիքով, Հայաստանի ղեկավարությունը գիտակցում է, որ բանակցություններում հերթական զիջումը կհանգեցնի գործող իշխանության վերջի սկզբին: Այդ պատճառով էլ Հայաստանի ղեկավարը փորձելու է հիմնավոր փաստարկներով հետամուտ լինել հայկական կողմի շահերին: Հայկական կողմի դիրքերի թուլությունը գիտակցում են նաեւ Մոսկվայում, որի անկումը կբերի Հայաստանի քաղաքական կյանքում եւ տնտեսության մեջ Ռուսաստանի ներկայության ավարտին: Մոսկվան փորձելու է հավասարակշռել Ադրբեջանում իր տնտեսական շահերի եւ Հայաստանում իր քաղաքական շահերի միջեւ: Արդյունքում Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումը ոչնչի չի հանգեցնի, առավե եւս՝ ճեղքման»,- նկատել է Կարեն Օհանջանյանը:




























