Թուրքիայում սկսվել է առաջին «Էրգենեկոնի» գործով 130-րդ դատալսումը։ Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 13-րդ դատարանում ներկա են 22 ձերբակալված ամբաստանյալներ, այդ թվում՝ պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը, «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքը եւ այլն։
Առաջին էրգենեկոնի գործը ներառում է միացված երկու դատավարություններ՝ դատական համակարգի բարձրագույն ղեկավարի (Danıştay) եւ Cumhuriyet թերթի դեմ հարձակումների մեղադրանքները։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Էրգենեկոնը ենթադրյալ ահաբեկչական կազմակերպություն է, որը նախատեսել էր կազմակերպել մի շարք սպանություններ, երկրում ստեղծել քաոսային իրավիճակ եւ, օգտվելով առիթից, իրականացնել հեղաշրջում։ Մասնավորապես` հայտնի է դարձել, որ խմբավորման անդամները ցանկացել են սպանել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, Սեբաստիայի հայ համայնքի առաջնորդին, Ալեւիների առաջնորդին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։




























