Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Կրասնայա պոլյանայի նստավայրում ավարտվել են ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպումները՝ նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Սոչիից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Հանդիպման վերջում նախագահներին են միացել բանակցությունների մասնակից երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նախագահների եռակողմ հանդիպումը սկսվել էր Ռուսաստանի նախագահի Սոչիի նստավայրում տեղական ժամանակով ժամը 12-ին (Երեւանի ժամանակով ժամը 13-ին):

Բանակցություններից հետո երկրների ղեկավարները մտադիր են ձնագնաց քշել:

Հենց այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կուղեւորվեն Ադլերի օդանավակայան, որտեղ կանցնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ բանակցությունների եւս մեկ փուլ:

Եռակողմ հանդիպման նախաձեռնողը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն է: նախկինում ՌԴ նախագահի միջնորդությամբ նման ձեւաչափով կայացել է հինգ հանդիպում: Վերջինը կայացել էր անցած տարվա հոկտեմբերին՝ Քիշնեւում: Իսկ 2008թ. նոյեմբերի 2-ին կայացած առաջին հանդիպման արդյունքներով ընդունվել է Մայնդորֆյան հռչակագիրը, որը կոչ էր անում կողմերին վերականգնել երկխոսությունը ժողովուրդների միջեւ եւ հակամարտությունը լուծել բացառապես քաղաքական միջոցներով: