Իմ հայ գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում մի շարք հարցեր են քննարկվել, որոնցից մի քանիսի դեպքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Մնացածների շուրջ քննարկումները կշարունակվեն, եւ փոխզիջումների եղանակով եւս համաձայնության կհասնենք: Այդ մասին այսօր՝ հունվարի 17-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ մեկնաբանելով իր առաջին այցը Հայաստան:
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Վրաստանը միացյալ շուկա պետք է հիմնեն, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսությունների համար: «Վրաստանի նոր կառավարությունը մտադիր է զարգացնել հարեւան երկրների հետ հարաբերությունները, մասնավորապես, տնտեսության ոլորտում»,-ասել է նա: Իվանիշվիլին նաեւ Տիգրան Սարգսյանին շնորհակալություն է հայտնել ջերմ եւ բարեկամական ընդունելության համար՝ նշելով, որ թեեւ ինքը փորձառու քաղաքական գործիչ չէ, այնուամենայնիվ, Սարգսյանի հետ հանդիպումն իր համար բարդություններ չստեղծեց:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ չկա որեւէ հարց, որ Հայաստանն ու Վրաստանը չկարողանան լուծել համատեղ քննարկումների միջոցով. «Բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունները խորացնելու եւ ընդլայնելու մեծ ներուժ կա, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում: Մենք արագ կերպով աշխատանքային խումբ կձեւավորենք միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնելու համար: Ոլորտային հեռու գնացող ծրագրեր կան»:
Սարգսյան-Իվանիշվիլի հանդիպման արդյունքներով երկու համաձայնագիր է ստորագրվել՝ մշակույթի ոլորտի եւ մաքսային անցակետերի աշխատանքի կարգավորման մասին:
Նշենք, որ մամուլի ասուլիսը, Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն, վրացական կողմի պահանջով տեղի է ունեցել հայերենով եւ վրացերենով, որն ուղեկցվել է անորակ թարգմանությամբ, որն ապահովել է Հայաստանում Վրաստանի դեսպանատան աշխատակցուհին:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























