Ռուսաստանի պետական դուման, այսօր՝ հունվարի 18-ին, կքննարկի Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ եկամուտների ունեցվածքի կրկնակի հարկումը վերացնելու մասին համաձայնագրի արձանագրությունը:

Համաձայնագրի կնքման նպատակը երկու երկրների միջեւ տնտեսական, գիտական, տեխնիկական եւ մշակութային համագործակցությունը զարգացնելու եւ ամրապնդելու ձգտումն է, ինչպես նաեւ եկամուտների եւ ունեցվածքի կրկնակի հարկումը վերացնելն ու հարկային խտրականություն թույլ չտալը, ասված է ուղեկցող փաստաթղթերում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Համաձայնագիրը տարածվում է մասնավորապես ֆիզիկական անձանց եկամուտների եւ ունեցվածքի նկատմամբ կիրառվող հարկերի վրա: Ռուսաստանի խորհրդարանի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրի Սաբլինի խոսքով՝ փաստաթուղթը կոչված է հարկային վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ ուղղակի եւ անուղղակի հարկերի վճարման ժամանակ չարաշահումների նվազմանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի կարեւոր ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում եւ հուսալի գործընկերներից մեկը նախկին ԽՍՀՄ տարածքում: «Ռուսաստանի Դաշնությունը կորնկրետ միջոցներ է ձեռնարկում հայ-ռուսական ֆինանսատնտեսական համագործակցության խորացման եւ ընդլայնման ուղղությամբ»,-ամփոփել է Սաբլինը: