Հայերի ոչ մեծ խումբը, որը համարձակվել են մնալ Ադրբեջանում, ստիպված են անձը հաստատող փաստաթղթեր ստանալ դատարանի միջոցով: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են երկու հայ կանանց պատմության մասին, որոնց վերջապես փաստաթղթեր են տվել: Ինչպես հաղորդում է 1news.az-ը՝ վկայակոչելով APA-ն, Ադրբեջանում բնակվող Ժաննա Մուրադյանն ու նրա դուստրը Ոստիկանության Նիզամիի շրջանային վարչության դեմ հայց են ներկայացրել Բաքվի վարչատնտեսական դատարան՝ կապված իրենց անձը հաստատող փաստաթղթեր տալու հետ: Իրենց հայցում նրանք նշել են, որ ապրում են Բաքվում ծննդյան օրից եւ երբեք չեն լքել բնակության վայրը, բայց ոստիկանության շրջանային վարչությունը հրաժարվում է իրենց անձը հաստատող փաստաթղթեր տալ:
Դատարանը բավարարել է հայուհիների հայցը եւ որոշել, որ նրանց պետք է տրվեն համապատասխան փաստաթղթերը: Միգրացիոն կենտրոնի նախագահ Ալովսաթ Ալիեւն իր հերթին հայտարարել է, որ այդ կանանց արդեն տրվել են անձը հաստատող փաստաթղթեր:
Այսպիսով, հերթական անգամ հոդս է ցնդում «հանդուրժողականության» մասին առասպելը, որի մասին շատ են սիրում խոսել Ադրբեջանի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Ադրբեջանում ապրող «հազարավոր հայերի» մասին խոսակցությունները:




























