Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը պաշտոնական այցի շրջանակներում գտնվելով Սիրիայում, Հալեպի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում է ստացել: Այս մասին հայտնում է թուրքական «Zaman» թերթը:

Էրդողանը Հալեպի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում ստանալու հետ կապված ելույթ է ունեցել՝ ասելով, որ ինքը թե Թուրքիայում, թե աշխարհի այլ երկրներում ստացել է պատվավոր դոկտորի կոչումներ, սակայն Հալեպի համալսարանի տված կոչումը իր համար առանձնահատուկ նշանակություն ունի: Նա ասել է, որ Հալեպը Թուրքիայի համար հարազատ քաղաք է, քանի որ Հալեպում է գտնվում Օսմանյան կայսրության ստեղծող Օսման Գազիի պապ Սուլեյմանի գերեզմանը, Հալեպում իր առաջին մզկիթն է կառուցել հայտնի ճարտարապետ Սինանը, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հալեպում մի շարք հանդիպումներ է անցկացրել Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը:

Հալեպի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Մուհամեդ Նիզար Աքիլը ասաց, որ սիրիական ժողովուրդը հպարտանում է, որ Էրդողանը ուժեղացնում է թուրք-սիրիական հարաբերությունները: Ռեկտորը շեշտել է, որ 50 տարի կրթական գործունեություն ծավալող Հալեպի համալսարանի առաջին պատվավոր դոկտորի կոչումը տրվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանին: Նա Էրդողանին շնորհակալություն հայտնեց տարածաշրջանում եւ Պաղեստինի խնդրում բռնած դիրքի համար եւ Էրդողանի պաշտպանած այն տեսակետի համար, որ Գոլանի բարձունքները, որ գրավվել են Իսրայելի կողմից պետք է վերադարձվեն Սիրիային: