Գաղտնիք չէ, որ մեր ձեռնարկատերերը իրենց բիզնեսը գրանցելիս ներխուժում են գործունեության բոլոր հնարավոր ոլորտները` վարունգ աղ դնելուց մինչեւ Մարս թռիչքներ կազմակերպելը: Ամեն դեպքի համար: Ուստի առանձնապես զարմանք չի առաջացնում հայրենական ընկերություններից մեկի գործունեության ոլորտը` «ծովամթերքի արտադրություն, հագուստի եւ կոշիկի վաճառք»: Անհասկանալի է, թե կոնկրետ որ ոլորտին է վերաբերում այդ կազմակերպությունը:
Հաշվետու եռամսյակի տվյալներով` սննդամթերքի արտադրության ոլորտում մեզանում մոտ 500 ձեռնարկություն կա: Ավելի ճիշտ վիճակագրության մոնիտորինգը 459 օբյեկտ է ընդգրկում: Նրանց մեծ մասը ներկայացնում են միկրո (մինչեւ 5 աշխատող) եւ փոքր (6-50 աշխատող) օբյեկտներ, որոնց համատեղ մասնաբաժինը ձեռնարկությունների ընդհանուր թվի մեջ 91% է կազմում:
Չնայած այն հանգամանքին, որ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների թիվն ավելին է, քան խոշորներինը, վերջիններս աշխատանքով են ապահովում սննդամթերքի արտադրության ոլորտում զբաղվածների կեսից ավելին` 57%:
Հաշվետու եռամսյակում միկրոօբյեկտներում աշխատանքի արտադրողականությունը կազմել է ամսական միջինը առնվազն 0,35 մլն դրամ` մեկ աշխատողի հաշվով: Դժվար է պատկերացնել, թե որքան կկազմի այդ աշխատակցի աշխատավարձը, եթե դրանից հանվեն ինքնարժեքի մյուս հոդվածներն ու եկամուտը...
Փոքր ձեռնարկություններում այդ թիվը մի փոքր ավելին է` 0,49 մլն դրամ: Իսկ ահա միջին ձեռնարկության դեպքում այդ ցուցանիշը հասնում է մինչեւ 1,2 մլն դրամի, իսկ խոշորների դեպքում` 1,5 մլն դրամի:
Բնականաբար, այս պատկերը աղավաղում է «ստվերի» գործոնը: Սակայն հարց է, թե որտեղ է ավելի շատ «ստվերը»` խոշոր բիզնեսում, թե փոքր ու միջինում...
Մինի-օբյեկտներում ցածր արտադրողականությունը հանգեցնում է, օրինակ, հացի ինքնարժեքի թանկացման: Հաջող մրցակցելու համար, արտադրողները դժվարությամբ են գնում մանրածախ անվանական գնի բարձրացման` նախընտրելով «ավելորդ» ծախսերը փոխհատուցելու այլ մեթոդներ: Օրինակ, նվազեցնում են ապրանքի քաշը...
Իհարկե, նաեւ խոշոր բիզնեսն է եկամուտի համար պատրաստ ամեն ինչի: Սակայն, համաձայնենք, որ պետական տեսչության անզիջում աշխատանքի դեպքում ավելի հեշտ է վերահսկել խոշորներին, քան մանրերին:
Ձեռնարկությունների խոշորացումը, որը կարող է հանգեցնել զբաղվածության կրճատման, ինքնանպատակ չէ: Պարզապես դրանով ինչ-որ չափով հնարավոր է նվազագույնի հասցնել տեղական արտադրության սննդամթերքի գները: Ինչ վերաբերում է ՓՄՁ-ներին, ապա այն զանգվածաբար անհրաժեշտ է այն ոլորտներում, որտեղ խոշորները ձեռնտու չեն կամ կա մենաշնորհի ռիսկ:
Ալբերտ Խաչատրյան




























