«Հայկական ժամանակ» թերթը, անդրադառնալով մայիսի 5-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններին, մասնավորապես գրում է. «Մայիսի 5-ի ընտրությանը նախորդած ժամանաահատվածում բոլորովին այլ քաղաքական իրավիճակ էր, եւ ընդդիմադիր ուժերը լուրջ հույսեր ունեին, որ ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն չի հավաքի անհրաժեշտ ձայներ, իսկ ընդդիմադիր ուժերը առանձին-առանձին այնքան ձայն կհավաքեն, որ հետընտրական դաշինք կկազմեն եւ իշխանությունը կվերցնեն ՀՀԿ ձեռքից։ Այս քննարկումներին կիսով չափ մասնակցում էր նաեւ ԲՀԿ-ն, թեեւ այս կուսակցության ներկայացուցիչներն իրենց առաջնային նպատակը համարում էին ընտրություններում առաջին տեղ զբաղեցնելը...
Մայիսի 5-ի ընտրությունների արդյունքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտրողն ինքն է որոշում՝ երբ եւ ինչպես քվեարկել։ Եվ ինչպես նախագահական ընտրություններում անակնկալ մատուցեց՝ միահամուռ ընտրելով Րաֆֆի Հովհաննիսյանին, այնպես էլ ավագանու ընտրություններում անակնկալ մատուցեց՝ թույլ տալով ավանդական կեղծիքին ու մանիպուլյացիային հաղթել։ Սա նույնպես ընտրություն էր, որը շատ ավելի խորն է, քան ՀՀԿ-ի հաղթանակն ու ՀՀԿ-ական քաղաքապետի թագադրումը։ Սա երկրում նոր քաղաքական իրավիճակ արձանագրելու ընտրություն էր։
Մայիսի 5-ի ընտրությամբ վերոնշյալ արձանագրումն արվեց ոչ թե որովհետեւ ՀՀԿ-ն «լավ աշխատեց», շա փող բաժանեց կամ վախեցրեց ու ահաբեկեց ընտրողին, այլ որովհետեւ ընտրողն այդպես ցանկացավ...
Երեւանի ընտրողը պետք է ընտրեր երկու տեսակի մանիպուլյացիայի եւ կեղծիքի միջեւ՝փողային եւ գաղափարական։ Երեւանի քաղաքացին թույլ չտվեց, որ տեղի ունենա երկրորդը։ Ինչո՞ւ, որովհետեւ հանրային գիտակցություն կոչվածը հզոր երեւույթ է, եւ այս ընտրության արդյունքները փաստում են, որ հանրությունը գիտակցում է՝ առաջին կեղծիքի հետեւանքները շատ ավելի հեշտ եւ կարճ ժամանակում կարելի է վերացնել, իսկ երկրորդինը՝ գաղափարական կեղծիքի եւ մանիպուլյացիայի հետեւանքները, կարող են տասնամյակներով արմատավորվել»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։




























