Հայաստանը 1915թ.-ից հետո կորցրած եկեղեցական գույքը պետք է հետ պահանջի դատարանի միջոցով, այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողներին հայտնել է քաղաքագետ Արա Պապյանը:

Ըստ նրա՝ այդ բանակցությունները կարող են տարվել Ցեղասպանության ճանաչման գործընթացից անկախ. «Հարկավոր է նախապատրաստել եկեղեցիներին վերաբերող փաստաթղթերը եւ գույքի վերադարձման բանակցություններ սկսել», – կարծում է Պապյանը:

Եթե բանակցությունները արդյունք չտան, կարելի է պահանջներ ներկայացնել դատական կարգով. Թուրքիայում իրավաբանական անձը հայց է ներկայացնում երկրի կառավարությանը: Եթե դատական գործընթացը մերժվի երկրի բոլոր ատյաններում, գործը կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նման գործընթացներ ժամանակին անցկացրել են Հունաստանը՝ Հյուսիսային Կիպրոսի վանքերի, եւ Իսրայելը՝ Արեւելյան Եվրոպայի սինագոգերի  հետ կապված: «Միայն մենք այսքան ժամանակ ոչինչ չենք ձեռնարկել», – նշել է փորձագետը եւ հիշեցրել, որ 1913թ. հայկական վանքերի եւ եկեղեցական գույքի գույքագրում էր կատարվել, որի վրա էլ կարելի է հիմնվել:  «Բայց դա բավական չէ, լավ պատրարստված մասնագետներ են պետք, որ կարողանան հիմնավորել այդ եկեղեցիների նկատմամբ Հայաստանի իրավունքները: Քանի որ դրանց մի մասի նկատմամբ հավակնություններ ունի նաեւ Վրաստանը», – ամփոփեց Պապյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am