Հայաստանում մայիսի 9-ին նշում են ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած Հաղթանակի 68-րդ տարեդարձը:
Մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգում կհավաքվեն վետերաններ, երկրի ուժային կառույցների, Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ներկայացուցիչներ, դպրոցականներ: Անհայտ զինվորի գերեզմանի Հավերժական կրակի մոտ ծաղիկներ դնելու հանդիսավոր արարողությունից հետո կանցկացվի ոչ մեծ շքերթ՝ հայկական եւ ռուսական ստորաբաժանումների մասնակցությամբ: Երեւանի Մանկական զբոսայգում (նախկինում՝ Կիրովի անվան այգի, Զաքիյան փողոց) եւ Սիրահարների այգում (Բաղրամյան պողոտա) կկազմակերպվի «Ռազմաճակատային լուսանկար՝ ընտանեկան արխիվից» ակցիան: Մի քանի ժամով այդ այգիները կվերածվեն պատերազմական տարիների բեմականացված հրապարակների:
Այստեղ նաեւ կկազմակերպվեն հանդիպումներ վետերանների հետ, ռազմաճակատի սիրված երգերի համերգներ, ցանկացողները պատմական ֆոտոէքսկուրս կանցնեն Հայրենական մեծ պատերազմի փուլերով եւ կծանոթանան ընդհանուր հաղթանակի գործում հայ հերոսների ավանդին:
Պատերազմին մասնակցել են ավելի քան 500 հազար հայեր Հայաստանից, 100 հազար հայեր Սփյուռքից եւ ԽՍՀՄ հանրապետություններից, այդ թվում՝ 10 հազարից ավելի հայուհիներ, որոնցից չորս հազարից ավելին՝ Հայաստանից, մոտ 1600-ը՝ Արցախից, մնացածները՝ Միության երկրներից եւ Սփյուռքից: Պատերազմի ընթացքում ռազմաճակատում կռվում էին ամբողջապես հայերից կազմված վեց դիվիզիաներ, եւս յոթ դիվիզիա՝ հիմնականում հայկական կազմով: Հայ ժողովուրդը Հայրենքին պարգեւել է չորս մարշալներ՝ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյան, Համազասպ Խաչատուրի Բաբաջանյան, Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակով (Խանփերյանց), Սերգեյ Քրիստափորի Ագանով, եւ մեկ ծովակալ՝ Հովհաննես Ստեփանի Իսակով: Մոտ 70 հայ գեներալներ դիվիզիաների եւ ավելի մեծ ստորաբաժանումների հրամանատարներ էին, ԽՍՀՄ հարյուրից ավելի հայ հերոսներ են եղել եւ երկու կրկնակի հերոս՝ Հովհաննես Բաղրամյան եւ Նելսոն Ստեփանյան: Հայ ժողովրդի փառապանծ զավակներից է ԽՍՀՄ-ում առաջին տանկային գնդի հրամանատար Վլադիմիր Տամրուչին (Դամուրչյան), Խորհրդային Միության հերոսի «Ոսկե աստղ» նախագծի հեղինակ եւ Սոցիալիստական աշխատանքի հերոս Միրոն Մերժանովը, որն, ի դեպ, մեծ նկարիչ Հովհաննես Այվազովսկու ազգականն է, Հաղթանակի օրվա խորհրդանիշ դարձած «Հաղթանակի օրը» երգի հեղինակ Դավիթ Թուխմանովը:
Մայիսի 9-ը կրկնակի տոն է հայ ժողովրդի համար: 21 տարի առաջ՝ 1992թ. մայիսի 9-ին, ավարտվեց հայկական Շուշի քաղաքի ազատագրման գործողությունը: Ադրբեջանի հրահրած պատերազմի շրջանում Շուշին վերածվել էր ադրբեջանական ռազմական հենակետի: Շուշիի ազատագրման գործողությունը սկսվել է 1992թ. մայիսի 8-ի գիշերը: Գրոհը կատարվել է մի քանի ուղղություններով եւ շարունակվել 26 ժամ: Մայիսի 9-ի առավոտյան ժամը 04.00-ի սահմաններում հակառակորդի բոլոր ուժերը լքել էին Շուշին: Հայկական կողմն ունեցավ 58 զոհ, ադրբեջանականը՝ մոտ 200:
Շուշիի ազատագրումը բեկումնային փուլ եղավ Արցախյան պատերազմում:




























