Ղրիմում հերթական անգամ փորձում են բացահայտել «Արմենիա» ջերմանավի աղետի գաղտնիքը: Լեգենդար նավը խորտակվել էր 1941 թվականի նոյեմբերին: Այն տարհանում էր Սեւաստոպոլի բժշկական էլիտային, Յալթայի եւ Սիմֆերոպոլի բնակիչներին: Ջերմանավին ծովում ռմբակոծել էին գերմանական օդանավերը: Մինչ օրս անհայտ է, թե որտեղ է տեղի ունեցել աղետը, քանի մարդ է զոհվել եւ ինչ փաստաթղթեր ու արժեքասվոր իրեր էին տեղափոխում զինվորականները: Օգոստոսին այս բոլոր հարցերի պատասխանը փորձել էր տալ հերթական արշավախումբը, որը կազմակերպել էին ղրիմցի գիտնականները:
«Արմենիան» դուրս էր եկել Յալթայից: Ողբերգության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակի վրա գրված է, որ զոհվել են բոլորը:
««Արմենիա» ջերմանավը մտել էր այստեղ` վերցնելու համար Վորոնցովյան պալատի հավաքածուն, մարզի կուսակցական վարչակազին, ինչպես նաեւ Կարմիր բանակի սպաների ընտանիքները»,-պատմել է Իգոր Սիմոնովը` «Պատերազմի զավակներ» ՀԿ-ի ներկայացուցիչը, հաղորդում է Լրագրողական հետաքննության կենտրոնը:
Հետազոտողները զոհերի տարբեր թիվ են նշում` 5-7 հազար մարդ: Իսկ ողբերգության հանգեցրած պատճառներից է եղել այն, որ նավը ծով է դուրս եկել ոչ թե գիշերը, այլ առավոտյան:
«Ստորջրյա հետազտությունների սեւծովյան կենտրոնի» տնօրեն Սերգեյ Վորոնովն ասել է, որ 2005թ-ից հինգ արշավախումբ է կազմակերպվել: Ներգրավվել են նաեւ փորձագետներ ԱՄՆ-ից եւ Գերմանիայից, ովքեր գտել էին «Տիտանիկը»: Սակայն նրանք եւս «Արմենիայի» հետքերը չէին գտել:
«Սեւաստոպոլից «Արմենիայի» դուրս գալուց մեկ օր առաջ գերագույն հրամանատարի կողմից հրաման է ստորագրվել Ղրիմից ողջ արժեքավոր իրերը դուրս բերելու մասին: Հավանաբար, «Արմենիային» եւս տրվել է նման հրաման»,-պատմել է Ս. Վորոնովը:
Ծովի ջուրն ագրեսիվ է, սակայն փաստաթղթերի համար «մահացու» չէ: Մնացել է «Արմենիայի» աղետի հնարավոր երկու վայր հետազոտել, եւ դա նախատեսվում է օգոստոսին: Գլխավորը, քարտեզների վրա խորտակման կետի նշումն է եւ դա միջազգային ծովային հուշարձան դարձնելը:




























