2009 թվականի առաջին կիսամյակում Լեռնային Ղարաբաղում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է հանցագործության 305 դեպք՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 360-ի փոխարեն։ Ոստիկանության քննչական վարչության գործառույթ է ընդունվել 256 գործ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 177-ի փոխարեն։ 168 քրական գործեր ավարտին են հասցվել։ Վերականգնվել է պետությանն ու քաղաքացիներին պատճառված շուրջ 30 մլն. դրամ ընդհանուր գումարի վնասը։ Նման տվյալներ են ներկայացվել ընթացիկ տարվա առաջին կիսամյակում օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներին նվիրված Լեռնային Ղարաբաղի ոստիկանության խորհրդակցության ընթացքում։
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, խորկրդակցության ընթացքում նշվել է, որ հանրապետությունում պահպանվում է կայուն ու վերահսկելի իրավիճակը։
Տնտեսական ու պաշտոնեական հանցագործությունների վարչության և ոստիկանության շրջանային բաժանմունքների համագործակցության արդյունքում բացահայտվել է տնտեսական հանցագործության 51 դեպք և մոտ 61 մլն. դրամ ընդհանուր գումարի վնաս։ Հետաքննության ընթացքում պետությանն է վերադարձվել ավելի քան 3 մլն. դրամ։ Ճանապարհա-տրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել 33 մարդ։ ԼՂՀ ոստիկանության պետ Ռոբերտ Շաֆերյանը դրական է գնահատել ոստիկանության համակարգի գործունեությունը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում։ Ընդ որում՝ նա տարբեր ոլորտներում իրավիճակի լավացման կոնկրետ հանձնարարություններ է տվել։



























