Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը կայցելի Հայաստան:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հուլիսի 28-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչը:
Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բորիս Տադիչի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի եւ Սերբիայի ղեկավարները հայտարարություն կանեն մամուլի համար:
Այցի շրջանակում Բորիս Տադիչը հանդիպում կունենա վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին, կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում, ծառ կտնկի Հիշատակի պուրակում: Բորիս Տադիչը հարգանքի տուրք կմատուցի եւ ծաղկեպսակ կդնի նաեւ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո աղետյալ բնակչությանն օգնության շտապող ավիավթարից զոհված հարավսլավացի օդաչուների հուշարձանին: Սերբիայի նախագահը կայցելի նաեւ Մատենադարան:
Հուլիսի 29-ին Սերբիայի ղեկավարը կմեկնի Հայաստանից:



























