ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի գործով բողոքն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ից հետո եւ մեղադրվել զանգվածային անկագություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք զինամթերք պահելու համար: Նա դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, իսկ երբ նրա պաշտպանները բողոքարկել են այդ վճիռը, վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատավճիռը, իսկ վճռաբեկ դատարանն ընդհանրապես հրաժարվել է գործը վարույթ ընդունել:

Եվրոպական դատարան ուղարկված այս գործում նշվում է, որ Սասուն Միքայելյանի ազատազրկման, ապա նաեւ դատապարտման ողջ գործընթացը տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների կոպիտ խախտումներով: Մասնավորապես, ըստ բողոքող կողմի խախտվել է նրա անձեռնմխելիության եւ արդար դատաքննության իրավունքը, քանի որ նա դատարանի կողմից զրկվել է պաշտպանական ճառ, վերջին խոսք ասելու եւ անձամբ ցուցմունքներ տալու իրավունքից: Բացի այդ, ըստ բողոքող կաղմի, այս պահին Սասուն Միքայելյանը լուրջ առողջական խնդիրներ ունի եւ նրա հիվանդությունը մտնում է այն ցանկի մեջ, որի պարագայում անթույլատրելի է մարդուն անազատության մեջ պահելը, սակայն իշխանությունը ոչինչ չի ձեռնարկում: