«2010 թվականի մայիսից կաշխատի շաքարի գործարանը»,-մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է գյուղանտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:

«Մենք որոշակի պայմանավորվածություն ենք ձեռք բերել ե՛ւ գյուղական տնտեսությունների, ե՛ւ գործարանի սեփականատիրոջ հետ: Սա շատ լուրջ պայմանագիր է, սեփականատերը խոստացել է տրամադրել թունաքիմիկատները, ավանսավորել գյուղացիներին՝ համապատասխան տեխնիկայի ձեռքբերումն ու օգտագործումը այդ դաշտերում: Միջազգային փորձից մենք վերցնելու ենք ճակնդեղի գործող գները՝ ըստ շաքարայնության տոկոսների»,- մանրամասնել է գյուղնախարարը: Նա ավելացրել է նաեւ, որ նոյեմբերից սեփականատերը իր ուժերով կսկսի առաջին տարին, որպեսզի գյուղացիները տեսնեն արդյունավետությունը եւ հաջորդ տարի էլ ավելի զարգացնեն:

Ալավերդյանը նշել է նաեւ, որ այս տարվա համար նախատեսել են 500-1000 հեկտար տարածք. «Արդեն աշնանը ճակնդեղ կտանք մեր գործարանին: Այն 7 ամիս կաշխատի ներկրվող հումքի հաշվին, 3 ամիս շաքարի ճակնդեղի հաշվին եւ երկու ամիս պարապ կմնա՝ ընթացիկ վերանորգումների համար»:

Նշենք, որ գործարանի սեփականատերը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: