Ույգուրների համաշխարհային կոնգրեսի եւ ԱՄՆ-ի ույգուրների միության նախագահ Ռաբիա Քադիրը սկել է իր 5 օրյա այցելությունը Ճապոնիա։ Այս մասին հաղորդում է թուրքական «Milliyet» թերթը։
2005 թվականից այս կողմ Վաշինգտոնում ապրող Ռաբիա Քադիրը Ճապոնիայում կհանդիպի իշխող «Լիբերալ դեմոկրատական» կուսակցության անդամների հետ եւ աջակցություն կխնդրի Չինական Սինցզյանի շրջանում ապրող ույգուրների համար։ Սպասվում է, որ Տոկիոյում ույգուրների կին առաջնորդը մամլո ասուլիս կտա։
Չինական կողմը Ռաբիա Քադիրի Ճապոնիա այցի լուրը, մեծ դժգոհությամբ է ընդունել եւ հայտնել, որ դա Չինաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունների վրա իր բացասական ազդեցությունը կթողնի։
NEWS.am-ը հիշեցնում է, որ ույգուրական խնդիրը կրկին համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց այս տարվա հուլիսի 5-ին Չինաստանի Սինցզանի շրջանում, ույգուրական ինքնավար հանրապետության վարչական կենտրոն ՈՒռումչի քաղաքում տեղի ունեցած ույգուրների եւ չին ոստիկանների միջեւ բախումների պատճառով, որի ժամանակ զոհվեց մոտ 200 ույգուր։ Չինական կողմը բախումներ հրահրելու համար մեղադրում է ույգուրների արտաքսման մեջ գտնվող առաջնորդ Ռաբիա Քադիրին։



























