Սկսած 2010թ. ապրիլի 1-ից՝ ԱՄՆ դեսպանատունը ոչ-ներգաղթային արտոնագրերի համար դիմող անձանցից պահանջելու է ներկայացնել արտոնագրի դիմումի նոր ձեւ:
ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնւմ են, որ ԱՄՆ պետդեպարտամենտի հյուպատոսական գործերի գրասենյակը ներդրել է արտոնագրի դիմումի նոր ձեւ, մուտքի ոչ-ներգաղթային արտոնագրի դիմումի ինտերնետ տարբերակ, ձեւ DS-160, որը փոխարինում է ներկայումս օգտագործվող, արտոնագրի դիմումի երեք ձեւաթղթեր ընդգրկող էլեկտրոնային դիմումին:
Ելնելով այն հանգամանքից, որ ամբողջ աշխարհում աճում է ԱՄՆ մուտքի արտոնագրերի պահանջարկը, հյուպատոսական գործերի գրասենյակը շարունակում է օգտագործել նոր տեխնոլոգիաներ, արտոնագրերի դիմումների գործընթացի արդյունավետությունն ու ճշգրտությունը բարելավելու համար: Ոչ-ներգաղթային արտոնագրերի DS-160 ձեւը իր առավելություններով կոչված է բարձրացնելու արտոնագրերի համար դիմող անձանց մատուցվող ծառայությունների որակը:
Արտոնագրերի դիմում ներկայացնողները կշարունակեն լրացնել դիմումները առցանց (on-line) տարբերակով, ինչպես նախկինում՝ էլեկտրոնային դիմումի համար:


























