NEWS.am-ի հարցազրույցը Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսի հետ.

Պարոն Տայիս, ինչպե՞ս եք գնահատում Հունաստանի եւ Հայաստանի հարաբերությունների ներկայիս մակարդակը:

Հունաստանի եւ Հայաստանի հարաբերությունները հրաշալի են, դրանք հիմնված են երկու երկրների հարուստ պատմական անցյալի վրա: Մեր երկու ժողովուրդները պատմական ժամանակներից միշտ սերտ հարաբերություններ են ունեցել: Վերջին տարիներին մեր երկրների հարաբերությունների զարգացմանը մեծապես նպաստեց 2007 թվականին Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի այցը Հայաստան եւ 2011 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան այցը Հունաստան: Մեր հարաբերությունների զարգացմանը նոր շունչ հաղորդեց նաեւ այս տարվա մարտին կայացած ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Հունաստան:

Չմոռանանք, որ մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստում է նաեւ Հունաստանում մեծ հայկական համայնքի, եւ Հայաստանում՝ հունական համայնքի առկայությունը:

Եվրոպական համատեքստում պետք է նշել, որ Հունաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության հարցում:

Հայաստանն արդեն մի շարք համաձայնագրեր է ստորագրել է ԵՄ-ի հետ, որոնցից են Հայաստանի  կողմից Եվրոպայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը  եւ հաջողությամբ ավարտել է բանակցություններն ապագա ասոցացման համաձայնագրի շուրջ:

Ինչպե՞ս եք գնահատում հայ-հունական տնտեսական հարաբերությունները: Այդ ոլորտում զարգացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում: Տնտեսության որ ոլորտներին դրանք կարո՞ղ են առնչվել:

Կարծում եմ, որ հայ-հունական տնտեսական կապերը մեծ պոտենցիալ ունեն եւ դեռ չեն հասել երկու երկրների քաղաքական հարաբերությունների մակարդակին, սակայն կա հնարավորություն դրանք զարգացնելու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են դեղագործությունը, շինարարությունը, բարձր տեխնոլոգիաները,  սննդամթերքի առեւտուրը եւ այլն:

Ինչ վերաբերում է Հունաստանին, կարող եմ ասել, որ տնտեսության վիճակը կայուն է  եւ երկիրը բոլոր պայմանները ստեղծում է, որպեսզի ներդրումներ արվեն Հունաստանի տնտեսության մեջ, հատկապես` զբոսաշրջության, շինարարության եւ անշարժ գույքի ոլորտներում:

Հունաստանում շատ զարգացած է զբոսաշրջության ոլորտը: Հայաստանում եւս մեծ ուշադրություն է դարձվում այդ ոլորտին: Ձեր կարծիքով, որքանո՞վ է հեռանկարային տուրիզմի զարգացումը Հայաստանում:

Հայաստանում, իսկապես, զբոսաշրջությունը զարգացնելու մեծ ներուժ կա եւ այն խոստումնալից սեկտոր է ձեր երկրում: Իմ կարծիքով՝ այդ ոլորտի զարգացումը կարեւոր նշանակություն կունենա երկրի ողջ տնտեսության զարգացման համար: 

Համաձա՞յն եք կարծիքին, որ տուրիզմի առկայությունը խոչընդոտում է մյուս ոլորտների զարգացումը:

Իհարկե, կա տնտեսության ճյուղերի դիվերսիֆիկացիայի անհրաժեշտություն բոլոր երկրների համար, բայց մյուս կողմից եթե որեւէ երկիր ունի պոտենցիալ որեւէ  սպեցիֆիկ բնագավառում, ինչո՞ւ դրանից օգուտ չքաղել:

Այսօր Հունաստանի տնտեսությունը ծանր շրջան է ապրում: Ըստ Ձեզ, որո՞նք են ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները: Շատերը նշում են նույնիսկ ԵՄ-ից եւ եվրոյի գոտուց հրաժարվելու անհրաժեշտության մասին: Կա՞ դրա անհրաժեշտությունը:

Հունաստանը առաջիններից էր Եվրոպական երկրներից, որ կրեց ճգնաժամի ազդեցությունը եւ Եվրոպական Միության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի օգնությամբ Հունաստանի կառավարությունն իրականացնում է տնտեսությունը կարգավորելու հավակնոտ ծրագիր` բարելավելու համար երկրի մրցունակությունը, մակրոտնտեսական հեռանկարները,  բյուջեի ծախսերի կրճատման  եւ կառուցվածքային բարեփոխումների միջոցով: Այս ջանքերն արդեն տալիս են իրենց արդյունքը` ընդհանուր պարտքը արդեն պակասել է, Հունաստանն ակնկալում է դրական տեղաշարժ արդեն 2014թ. սկզբին, երկրի մրցունակությունը բարձրացել է եւ  բիզնես միջավայրը բարելավվում է` դարձնելով երկիրը ավելի գրավիչ արտասահմանյան ներդրումների համար: Այնուամենայնիվ, շարունակական խիստ միջոցառումները անբարենպաստ ազդեցություն են թողել գործազրկության եւ ռեցեսիայի վրա: Հետեւաբար պետք է լինի հավասարակշռություն, ծախսերի անհրաժեշտ կրճատման եւ աճի խթանման ու գործազրկությունը զսպելու տեսակետից: Հենց այս ուղղությամբ է շարժվում Հունաստանի կառավարությունը:

Ոչ ոք այլեւս չի խոսում Հունաստանի եվրոգոտուց դուրս գալու մասին, ինչը մի քանիսը կանխատեսում էին մեկ տարի առաջ, իսկ եվրոն իր հերթին ավելի կայուն է դարձել:

Որքանո՞վ է տնտեսական ճգնաժամն ազդել Հունաստանի հասարակ քաղաքացիների վրա: Պարբերաբար տեղի ունեցող բողոքի ակցիաներն ու գործադուլները վնասո՞ւմ են տնտեսական խնդիրների լուծմանը, թե՞ խթանում ավելի ճիշտ լուծումներ գտնելու հարցում:

Նման բողոքի ակցիաները եւ քննադատությունը բնորոշ են բոլոր ժողովրդավարական երկրներին, որտեղ քաղաքացիներն ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը:   Այդ բողոքի ակցիաները  որոշակի առումով նպաստում են, որպեսզի երկրի զարգացմանն ուղղված առավել ճիշտ քաղաքականություն ընտրվի: Հունաստանում խիստ միջոցառումները, ինչպես արդեն ասացի, ուղղակիորեն սոցիալական ազդեցություն ունեցան: Այդ տեսակետից կառավարությունը,  բացի աճին միտված քայլերից,  հետեւողականորեն ջանքեր էր գործադրում պաշտպանելու համար հատկապես հասարակության  խոցելի խավերին:

Իսկ հասարակ քաղաքացիներն արդեն իրենց մաշկի վրա զգո՞ւմ են վարվող տնտեսական քաղաքականության դրական արդյունքները, թե դեռ դրա համար ժամանակ է պետք:

Կարծում եմ, որ դրական արդյունքներն ու փոփոխություններն արդեն երեւում են, բայց ավելի տեսանելի կլինեն, երբ նոր աշխատատեղեր ստեղծվեն: Տնտեսության վերակենդանացման մասին է վկայում նաեւ այն փաստը, որ հունական ապրանքները նորից սկսել են մրցակցել  համաշխարհային շուկայում: Տարբեր ցուցանիշներով, վերջին շրջանում հունական ապրանքների մրցունակությունը համաշխարհային շուկայում աճել է:

Ձեր կարծիքով, պե՞տք է դիվանագետն իր առջեւ նպատակ դնի՝ տվյալ երկրում դեսպանի պաշտոնն ստանձնելով:

Դիվանագետի աշխատանքը կարեւոր է եւ, իհարկե, որեւէ երկրի դեսպան այդ պաշտոնում նշանակվելու դեպքում իր առջեւ նպատակներ պետք է դնի: Իսկ այդ նպատակները կախված են նրանից, թե ինչպիսի հարաբերություններ ունի քո երկիրն այն երկրի հետ, որտեղ դու դեսպան ես նշանակվել: Իմ պարագայում, ես կհամարեմ անձնական պարգեւ, եթե ինձ հաջողվի իմ ներդրումն ունենալ Հունաստանի եւ Հայաստանի  միջեւ հրաշալի հարաբերությունները  էլ ավելի ամրապնդելու գործում:

Հիշո՞ւմ եք արդյոք Հայաստան ժամանելու առաջին տպավորությունները։

Առաջին տպավորությունս այն էր, որ հիացած էի Երեւանի օդանավակայանի ժամանակակից տեսքով:  Պետք է նշեմ նաեւ Երեւանի հին շենքերի հրաշալի յուրահատուկ ճարտարապետությունը:

Դուք աշխատել եք տարբեր երկրներում։ Ի՞նչ, եք կարծում, հնարավո՞ր է, որ Ձեր մտածելակերպը փոխվի նոր երկրներ այցելելով։ Ինչ-որ բան ստանո՞ւմ եք նոր մշակույթից։

Իհարկե, յուրաքանչյուր դիվանագետ շատ բան կարող է սովորել տարբեր երկրներում աշխատելիս: Աշխատանքի ընթացքում դիվանագետը նոր մշակույթի, նոր պայմանների հետ է առնչվում, նոր փորձ է ձեռք բերում , ինչը հարստացնում եւ ընդլայնում է իր մտահորիզոնը:

Ասում են, հայերն ու հույները շատ ընդհանուր բաներ ունեն: Դուք համաձա՞յն եք: Որո՞նք են մեր ժողովուրդների նմանություններն ու տարբերությունները:

Մեր երկու ժողովուրդները շատ բաներով են իրար նման. նրանք գրեթե նույն հասարակական, բարոյական եւ քաղաքական արժեքներն ունեն, տարբերությունը թերեւս  լեզուն է:

Կա՞ ինչ- որ բան, որը շատ կարոտում եք գտնվելով Հունաստանից հեռու:

Շատ եմ սիրում Հունաստանը, այն իմաստով, որ հայրենիքը ունի յուրաքանչյուրի  համար,  եւ որտեղ էլ որ աշխատել եմ, միշտ կարոտել եմ այն: Սակայն ասեմ, որ այստեղ՝ Երեւանում, ավելի քիչ եմ կարոտում Հունաստանը, քանի որ մենք հայերին շատ նման ենք թե մտածելակերպով, թե ապրելակերպով եւ նույնիսկ խոհանոցով:

Եվ վերջում, ի՞նչ կցանկանայիք հայ ժողովրդին:

Հայաստանի ժողովրդին ցանկանում եմ խաղաղություն, առաջընթաց եւ  բարեկեցություն:

Հարցազրույցը վարեց Արթուր Խեմչյանը