Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ ներկայացուցիչների հետ՝ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորությամբ, որտեղ վերջինս ներկայացրել է նորանշանակ Տերեսա Դաբան Սանչեսին, ով ԱՄՀ մշտական ներկայացուցիչն է Հայաստանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում Մարկ Հորթոնը նախարարից հետաքրքրվել է Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական, մասնավորապես «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի կատարման ընթացքի մասին:
Գագիկ Բեգլարյանն նշել է, որ «Հյուսիս-հարավ ծրագիրը խոշոր ռազմավարական ծրագիր է Հայաստանի տնտեսության զարգացման համար: «Որոշակի խնդիրների պատճառով ծրագրի ընթացքը դանդաղեց՝ կապված վերահսկող կազմակերպության աշխատանքների եւ շինարարության որակի թերացումների հետ: Նախարարության խիստ մոտեցումների շնորհիվ այժմ ծրագրի աշխատանքները, որոնք հավասարաչափ սկսվել են եւ´ հյուսիսում, եւ´ հարավում, բնականոն ընթացքի մեջ են: Բացի Ասիական զարգացման բանկից, ծրագրի ֆինանսավորման հարցում մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել նաեւ Եվրոպական ներդրումային բանկի եւ Եվրասիական զարգացման բանկի Հակաճգնաժամային հիմնադրամի հետ»,-ասել է նախարարը: Գագիկ Բեգլարյանի խոսքով՝ ամբողջ միջանցքի շինարարությունն իրականացնելու համար ուսումնասիրվում են նոր ֆինանսական աղբյուրներ: Մարկ Հորթոնը հետաքրքրվել է նաեւ «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրականացման ընթացքից, որին ի պատասխան՝ Գագիկ Բեգլարյանը տեղեկացրել է, որ առայժմ ընթանում են նախագծի իրագործելիության ուսումնասիրությունը, որի ավարտից հետո այն կներկայացվի հանրությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:





























