Հայաստանում հավատարմագրված դիվանագետները հետաքրքրված են ՀԱԿ-ի ներկայացրած տնտեսության համակարգային փոփոխություններ նախատեսող «00 քայլ» ծրագրով եւ խնդրել են ՀԱԿ-ից իրենց տրամադրել այն: Այս մասին մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանըч նշելով, որ իրենց առաջարկներն ուղղված են տնտեսության գերկենտրոնացվածությունը ցրելուն:

«Իշխանություն, տնտեսություն ռեսուրսները գերկենտրոնացված են: Եթե նայենք „Ֆորբս“ ամսագրի ներկայացրած Հայաստանի բաժինը, այն բաժանում ես ՀՆԱ-ին, տեսնում ես, որ 10 հարուստի ձեռքում է գտնվում տնտեսության 54,7 տոկոսը: Որպեսզի պատկերացնեք, Ամերիկայում 10 հարուստի ձեռքում գտնվում է ՀՆԱ 1,9 տոկոսը: Եթե ուզում եք, Ռուսաստանը, որը համարվում է նույնպես կենտրոնացված, 10 հարուստի ձեռքում գտնվում է ՀՆԱ 3,7 տոկոսը»,-ասաց Բագրատյանն ու հավելեց. "Այդ 10 հոգուց «մի զգալի մասը կրիմինալ անցյալ ունեցող մարդիկ են: Մոտ կեսն էլ իշխանությունը, երկրի առաջին, երկրորդ դեմքերը վերցրել են իրենց ձեռքը: Այդպիսի երկիրը չի կարող առաջ գնալ: Դրանք հիմնականում մենաշնորհների վրա հիմնված մարդիկ են: Բավական է որեւէ մենաշնորհ վերացնես, դրանք դադարում են գործելուց: Ոչ մի բիզնես հաշվարկ չկա, ապրում են նրա հաշվին, որ ասենք երկրում կարագն արժի 7 դոլար, իսկ աշխարհում՝ 3 դոլար, կամ, չգիտեմ, հավի միսն արժի 4,5 դոլար, աշխարհում արժի 2 դոլար: Այդ մարդիկ ապրում են միմիայն դրա հաշվին: Կամ ասենք ավիաթռիչքներ է իրականացնում, որովհետեւ միայն ինքն է թռիչքներ կատարում Հայաստանի անունից: Այսօր Լոնդոնից Աթենք թռչում են 100 եվրոյով, բայց Երեւան հնարավոր է թռչել միայն 600 եվրոյով: Մոսկվա ենք թռչում 400-500 եվրոյով, իսկ նորմալ պայմաններում պետք է լիներ 100 եվրո գնալ-գալը: Եվ այդ մենաշնորհը ապրում է, որովհետեւ նրան են տվել, չեն թողնում, որ մեկ ուրիշն էլ ստեղծի ավիաընկերություն, չեն թողնում, որ մեկ ուրիշն էլ բերի բենզին, շաքար, ցորեն կամ կարագ: Տնտեսությունը աստիճանաբար կենտրոնացել է ներմուծողների շուրջ, որովհետեւ այդ նույն տասը ընտանիքը մտածում է ինչո՞ւ պետք է արտադրենք եւ փողեր ներդնենք Հայաստանում, եթե կարող ենք փող աշխատել ներմուծումով»:

Հրանտ Բագրատյանի ներկայացմամբ, զարգանալու համար պետք է ազատվել այդ արատավոր համակարգից ու այդ մարդկանցից: Նրա խոսքով, ՀԱԿ-ն առաջարկում է մեծացնել տնտեսության մեջ զբաղված մարդկանց քանակը, որոնք մի քանի տասնյակից պետք է դառնան մի քանի հարյուր հազար: