Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկիի հետ եւ վերջինիս խնդրանքով ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր իրավիճակը, տեղեկացրել, որ նախորդ տարի Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաջողվել է ապահովել շուրջ 7 տոկոսանոց տնտեսական աճ։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պլամեն Օրեշարսկին իր հերթին նշել է, որ Հայաստանը բավականին տպավորիչ ցուցանիշ է արձանագրել, քանի որ նույնիսկ եվրոպական մի շարք պետություններին նման ցուցանիշ ապահովել չի հաջողվել։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` երկուստեք կարեւորվել է գործարար կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-բուլղարական տնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։