Գվատեմալայի առողջապահության փոխնախարար Թամարա Բելսաբել Արգետան հեռացվել է պաշտոնից՝ ծովափնյա հյուրանոցներից մեկում հարբած վիճակում սկանդալ սարքելուց հետո: Պաշտոնանկության հրամանը ստորագրել է պետության ղեկավար Օտտո Պերես Մոլինան:
«Գվատեմալայի ոչ մի քաղաքացի օրենքից վեր չի կարող լինել, իսկ պաշտոնյաները եւ կառավարության անդամները պետք է օրինակելի վարք ցուցաբերեն», – նախագահի խոսքերն է մեջբերում El Periodic-ը: Առողջապահության նախարար Խորխե Վիլյավիսենսիոն հայտնել է, որ տեղյակ չէ կատարվածի մանրամասների մասին, սակայն, ամեն դեպքում, նման պահվածքն անթույլատրելի է, հաղորդում է utro.ru-ն:
Սեպտեմբերի 8-ի գիշերը Թամարա Արգետային կալանավորել էին՝ հյուրանոցի ռեստորանում կազմակերպած սկանդալից հետո: Նրա հետ ոստիկանական բաժանմունք բերման էին ենթարկվել նաեւ որդին՝ Խոսե Ալբերտո Բալտասար Օբիսպոն, եւ երկու թիկնապահ: Ըստ ռեստորանի մենեջերի՝ հյուրերը զայրացել էին, երբ հրաժարվել էին իրենց ալկոհոլի հերթական չափաբաժինը մատուցել, քանի որ արդեն բավականին հարբած էին:
Փոխնախարարն ու իր խումբը ծեծել էին ռեստորանի մի քանի աշխատակիցների՝ նրանցից մեկի գլխին նետելով տաք ապուրով ամանը: Դրանից հետո նրանք փորձել էին փախչել դեպքի վայրից՝ առանց հաշիվը վճարելու: Ռեստորանի աշխատակիցները ոստիկանություն էին կանչել: Ականատեսները վկայում են, որ Արգետայի թիկնապահները շրջապատի մարդկանց սպառնացել են զենքով:




























