Հայաստանին պետք չէ ոչ եվրոպական այլասերված, ոչ էլ ռուսական «գողականների» հետ կապված նորաձեւությունը: Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողներին է հայտնել ղարաբաղյան պատերազմի վետերան Սուրեն Սարգսյանը:
Նրա կարծիքով՝ ոչ Ռուսաստանը, որ Եվրոպան Հայաստանին չեն առաջարկելու իրենց մշակույթի լավագույն կողմերը: «Մեզ ինտեգրվել է առաջարկում ոչ Շոպենների Եվրոպան, այլ՝ Շտեֆան Ֆյուլեի, որը խոսում է տարբեր գենդերների մասին: Թող իրենց երկրներում որքան ուզում են «գենդերեն»: Իսկ մենք մեր մշակույթն ունենք, որը չպետք է կորցնենք»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկում է «մշակույթ», որի շրջանակներում նախկին քրեական հանցագործները կյանքի տերեր են դառնում. «Այնպիսի մարդիկ, ինչպիսին է Լիսկան, երկրում պայմաններ են թելադրում: Նրա թիկնապահը, ով մարդ է սպանել, ազատ է արձակվել: Իսկ ակտիվիստը, որը վիճաբանության է բռնվել ոստիկանի հետ, դեռեւս բանտում է»: Ղարաբաղյան վետերանի խոսքով՝ հայ երիտասարդությունը ծայրահեղությունից ծայրահեղություն է գնում. «Մի մասը ռուսամոլ է, մյուսը՝ եվրոպամոլ: Սակայն ամենաճիշտը ինքներս մեզ հարգելն է: Այս մասին մենք մոռացել ենք»:





























