Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ընդունել է ճանաչողական այցով Հայաստան ժամանած դանիացի խորհրդարանականներից եւ լրագրողներից բաղկացած պատվիրակության անդամներին՝ Դանիայի խորհրդարանի եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Եվա Կյեր Հանսենի գլխավորությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարեւորել է պատվիրակության այցելությունը` ընդգծելով, որ այն նոր խթան կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության տեսանկյունից: Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել դանիական պատվիրակության այցելությունը Արցախ՝ ընդգծելով, որ նման այցելությունները հնարավորություն են ստեղծում առաջին ձեռքից տեղեկանալ ղարաբաղյան հիմնախնդրի եւ հնարավոր զարգացումների մասին։

Զրույցի ընթացքում արտգործնախարարը ներկայացրել է Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

Հանդիպմանը անդրադարձ է եղել տարածաշրջանային եւ միջազգային հիմնախնդիրների վերաբերյալ ՀՀ մոտեցումներին, միջազգային կառույցներում Հայաստանի ներգրավվածությանն ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությանը: