Հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելուց՝ Ադրբեջանը արգելակում է բանակցությունների առաջընթացը, բայց միեւնույնն է՝ չի կարող խուսափել իր սանձազերծած ագրեսիայի հետեւանքների համար պատասխանատվությունից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ նախօրեին արած հայտարարությունը:
«Պարոն Մամեդյարովը ներկայացրել է լրագրողներին թե ինչ արդյունքների կարող է հասնել, եթե բանակցությունները վարի ինքն իր հետ, եվ եթե միայն Ադրբեջանը մշակի, եւ Ադրբեջանը ինքն իր հետ ստորագրի խաղաղության պայմանագիրը»,- նշել է Քոչարյանն ու հավելել. «Ակնհայտ է, որ Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը հերթական անհաջող փորձն է Ադրբեջանի Սահմանադրությամբ արդարացնելու ինքնորոշված ԼՂՀ դեմ ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ ոտնահարումով ագրեսիայի իրականացումը: Այդ սՍահմանադրությունն ընդունվել է ԼՂՀ-ի հետ զինադադարի կնքումից հետո, ու որեւէ կերպ չի առնչվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որն ունի իր սեփական սահմանադրությունը»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հանրաքվեին պետք է մասնակցեն Ադրբեջանի բոլոր քաղաքացիները, քանի որ դա է պահանջում Ադրբեջանի սահմանադրությունը: Մամեդյարովը նշել էր նաեւ, թե Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին:



























