Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի կողմից Twitter-ի իր կիմրոբլոգում արված գրառումն այդ պահին սեփական տեսակետօ արտահայտում է ԵՄ երկրներից մեկի ԱԳ նախարարի կողմից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով շվեդ նախարարի գրառմանը, թե Հայաստանի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարց օրակարգում չկա:

Նրա խոսքով՝ այդ գրառումը որոշակիորեն համապատասխանում է այն դիրքորոշումներին, որոնք առկա են ԵՄ երկրների մի շարք ներկայացուցիչների մոտ, սակայն առավել համախմբված կարծիք կարելի է տեսնել ԵՄ կողմից ներկայացված փաստաթղթերից մեկում: «Այդ փաստաթղթից երեւում է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը ընդունելի է միայն այն շրջանակներում, որոնք չեն հակասում  եւ ինչ-որ առումով լրացնում են Մաքսային միության հետ հարաբերություններին:

Այսինքն այդ պահին մենք հասկանում ենք ԵՄ դիրքորոշումը, որը չի ենթադրում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրում՝ հաշվի առնելով Մաքսային միությանը միանալու մասին Հայաստանի հայտարարությունը»,-նշեց Մարկարովը:

Անդրադառնալով Հայաստանի դիրքորոշմանը, նա ընդգծեց, որ ոչ ոք չի պատրաստվում բացառել ԵՄ-ի հետ համագործակցությունը:

Նշենք, որ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը, սեպտեմբերի 9-ին, twitter-ի իր միկրոբլոգում կրկին անդրադարձել է Հայաստանի` ԵՄ-ի  հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հեռանկարին: Նա, մասնավորապես, գրել է. «Համաձայն եմ Միրոսլավ Լարջքակի (Սլովակիայի փոխվարչապետ և արտաքին գործերի ու եվրոպական հարցերի նախարար-խմբ) հետ, որ Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրն օրակարգից դուրս է: Մենք աշխատում ենք Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ»:

Միաժամանակ, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ ԵՄ-ի հետ բանակցությունները կշարունակվեն բոլոր հնարավոր ուղիներով, որոնք հնարավոր են ԵՄ-ի համար, եւ որոնք չեն հակասի Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը:

Հիշեցնենք, որ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է մտնել Մաքսային Միություն եւ մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը: