Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին եւ շնորհավորել նշանակման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների եւ մյուս համանախագահների՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համատեղ, հետեւողական միջնորդական ջանքերն ուղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական մեծ փորձը եւ մասնագիտական պատրաստվածությունը կծառայեն այդ նպատակին:
Ջեյմս Ուորլիքը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է անել հնարավորը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման նպատակով:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը՝ համանախագահ երկրների հետ, միասնական եւ վճռական է հասնելու հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը` Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված մեկ ամբողջություն կազմող սկզբունքների եւ տարրերի հիման վրա:
Նախարար Նալբանդյանը եւ դեսպան Ուորլիքը հանգամանորեն անդրադարձել են բանակցային գործընթացին առնչվող հարցերին:




























