Պատահականությունների շարքից չէ, որ Եվրամիության պաշտոնյա Կարլ Բիլդտը (Շվեդիայի ԱԳ նախարար-խմբ) հայտարարել է, որ Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումն արդեն սեղանի վրա չէ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Նա նաեւ նշեց, որ դա չի նշանակում, որ այդ համաձայնագիրը չի կարող վերադարձվել սեղան, բայց դրա համար պետք կլինի, որ Հայաստանը վերանայի իր դիրքորոշումը:
Անդրադառնալով ԱԺ-ում ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ երեկվա հանդիպմանը, Սաֆարյանը ասաց, որ չափազանց մտահոգիչ է, որ թույլ են տալիս ասել, որ առայժմ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները զարգանում են դեպքի կոնֆլիկտ, քան դեպքի հաշտեցում:
«Երեկվա հայտարարությունը կարելի է մեկնաբանել այսպես, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ խորացնել հարաբերություններն այնքանով, որքանով դա թույլ կտա Մաքսային միությունը: Ավելի ճիշտ, որքանով թույլ կտա Ռուսաստանը: Իսկ Ռուսաստանը միանշանակ թույլ չի տա»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը: Նա նաեւ նշեց, որ Հայաստանի իշխանությունները երկիրը հասցրել են մի այնպիսի հանգրվանի, որտեղ ոչ միայն վտանգի տակ է Հայաստանի ինքնիշխանության աստիճանը, այլեւ ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու, ռազմավարական գործընկեր ընտրելու Հայաստանի տարրական իրավունքը:
«Այստեղ է, որ բացահայտվում է սազանդարների տեսակը, որոնք մի կողմ թողնելով փորձագիտական, քաղաքացիական, մարդակային խիղճը, արժանապատվությունը, փորձում են ներկայացնել, թե սա Հայաստանի հաղթանակն է»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը եւ ավելացրեց, որ Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական գործիչները եւ քաղաքացիները պետք է կանխեն այս ամենը:
Նա նաեւ նշեց, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելով կարելի էր ասել՝ հարս գնալ ուրիշի տուն, այնինչ Մաքսային միությանն անդամակցելը նման է զոռով ամուսնացնելուն:





























