Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սույն թվականի սեպտեմբերի 12-15-ին տեղական զբոսաշրջային գործակալությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Տոկիոյում կայանալիք «JATA TABIHAKU» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Զբոսաշրջային գործակալների ճապոնական ասոցիացիայի» կողմից կազմակերպվող այս ցուցահանդեսը Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են ավելի քան 150 երկրների զբոսաշրջային կազմակերպություններ եւ ընկերություններ:
Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվելու են Հայաստանի պատմամշակութային եւ քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող լիովին վերափոխված ճապոներենով նոր գովազդային նյութեր եւ քարտեզներ:
Ցուցահանդեսի շրջանակներում ՀԱՄՀ պատվիրակությունը կմասնակցի նաեւ «JATA» զբոսաշրջային ֆորումին, որի ընթացքում կքննարկվեն արեւելաասիական տարածաշրջանի շուկայում զբոսաշրջության խթանման հեռանկարները:
Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի զբոսաշրջությունը ասիական շուկայում, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար պոտենցիալ նոր շուկաներ հայտնաբերել եւ նպաստել ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին:





























