Հայաստանի վարչապետ Սարգսյանի այցը Չինաստան կխթանի հայ-չինական հարաբերությունների զարգացմանը եւ կբացի համագործակցության նոր հեռանկարներ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, աշխատանքային այցով Չինաստանի Դալիան քաղաքում գտնվող Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Դալիանի քաղաքապետ Լի Վանցան:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Դալիանի քաղաքապետին ջերմ ընդունելության համար: «Մեր երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում եւ մենք չունենք որեւէ խնդիր: Սակայն տնտեսական հարաբերություններում դեռ անելիքներ ունենք: Առկա են մեծ հնարավորություններ եւ ներուժ` տեղեկատվական տեխնոլոգիաների, քիմիական արդյունաբերության  եւ զբոսաշրջության բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու համար»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ վարչապետը Դալիանի քաղաքապետին հրավիրել է Հայաստան, ինչպես նաեւ հույս հայտնել, որ Դալիանը կարող է համագործակցության ծրագրեր մշակել Գյումրի քաղաքի հետ, ուր ՏՏ ոլորտը զգալի հաջողություններ է գրանցում: