Չինաստանի Դալիան Քաղաքում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որի բացման արարողությանը ներկա է եղել նաեւ աշխատանքային այցով Չինաստանում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախքան համաժողովի մեկնարկը՝ վարչապետ Սարգսյանը հանդիպել է Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր եւ գործադիր նախագահ Կլաուս Շվաբին:

ՀՀ վարչապետն ու Կլաուս Շվաբը մտքեր են փոխանակել ներկայիս տնտեսական զարգացումների, համաշխարհային տնտեսության հնարավոր մարտահրավերների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի տնտեսական կառուցվածքին, նախատեսվող ծրագրերին, տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ կատարվող քայլերին:

Համաժողովին, որին մասնակցում են աշխարհի մի շարք երկրների կառավարությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, կդիտարկվեն համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող գործընթացները, դրանցից բխող հնարավոր զարգացումներն ու հեռանկարները: