Միջազգային պայմանագրերի բովանդակությունը չի հրապարակվում դրանց նախաստորագրումից առաջ, իսկ երբեմն էլ դեպքեր են եղել, երբ չեն հրապարակվել նույնիսկ ստորագրելուց հետո: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խորհրդարանում հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանի հարցին, թե երբ է հրապարակվելու Մաքսային միության եւ ԵՄ-ի հետ համաձայնագրերի բովանդակությունը:
«Հնարավոր է, որ քաղաքական ամբողջ ինտելեկտը կենտրոնացված է իշխող կուսակցությունում, սակայն գոյություն ունի խորհրդարանական փոքրամասնություն, որի հետ նույնպես պետք է հաշվի նստել: Վաղը ես Բիշքեկ եմ մեկնում՝ ԱՊՀ գագաթաժողովի, սակայն Մաքսային միության մասին տեղեկություն չունեմ, եւ ես պետք է լրտեսի դեր խաղամ, իմանալու համար, թե ինչ է կատարվում Ձեր եւ մեզ հետ», - հեգնանքով ասել է Հակոբյանը:
«Բանակցություններում ոչ մի գաղտնիք չկա», - ի պատասխան վստահեցրել է Նալբանդյանը, հավելելով, որ տվյալ պահին ոչ մի որոշակի փաստաթուղթ չկա Մաքսային միության վերաբերյալ: Ըստ Նալբանդյանի՝ բանակցությունները կսկսվեն հոկտեմբերի վերջին նոյեմբերի սկզբին:





























